21/05/2023 19:54
ՊՆ-ն չի թույլատրել ԱՍԱԼԱ-ի մարտիկին հուղարկավորել Եռաբլուրում՝ հղում անելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հրամայականներին
Այսօր՝ մայիսի 21-ին, Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, Սուրբ Պատարագի ավարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների ներկայությամբ կատարվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Փիեր Գյուլումյանի հոգեհանգստյան կարգը։ Հայտնում են Հայկական Ժողովրդային Շարժում Կենտրոնական Խորհրդից:
«Նույն օրը, Փիեր Գյուլումյանի աճյունը տարբեր երկրներից Հայաստան ժամանած հարազատների եւ մի խումբ մարտական ընկերների ներկայությամբ` առժամանակ ամփոփվեց Երեւանի Շահումյանի անվան գերեզմանատանը։
Փիեր Գուլումյանը Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի Եվրոպայի տարածքի ռազմական պատասխանատուն էր։ Կազմակերպել ու անձամբ մասնակցել է բազմաթիվ զինված գործողությունների, այդ թվում՝ 1981-ի մարտի 4-ին, Փարիզում ԱՍԱԼԱ-ի «Շահան Նաթալի» խմբակի իրականացրած գործողությանը, որի ընթացքում գնդակահարվել են երկու թուրք բարձրաստիճան դիվանագետներ:
Նրա նահատակությունից 40 տարի անց՝ նախորդ տարի դեկտեմբերի սկզբին, Փարիզից Հայրենիք փոխադրվեց Գյուլումյանի աճյունը՝ ընտանիքի ցանկությամբ եւ մեր կազմակերպության նախաձեռնությամբ։
1982-ի օգոստոսի 2-ին, Փարիզում` դժբախտ պատահարի հետեւանքով մահացած ՀԱՀԳԲ մարտիկի աճյունը պետք է ամփոփվեր Եռաբլուրում՝ ԱՍԱԼԱ-ի նահատակներին նվիրված հուշահամալիրում, որտեղ արդեն 23 տարի տեղադրված է նահատակ ընկերոջ տապանաքարը։
Սակայն մայիսի 19-ի առավոտյան, Հայաստանի գործող իշխանությունը՝ ի դեմս Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատարի, իր նախաձեռնությամբ մեր ներկայացուցչի հետ հանդիպելով, հղում է կատարել Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հրամայականներին եւ պատրվակելով անհիմն ու հերյուրածին պատճառաբանություններ, պաշտոնապես հաղորդել է, որ չի արտոնվում նահատակ ընկերոջ աճյունի ամփոփումը Եռաբլուրում։
Առաջիկայում մենք հանդես կգանք հայտարարությամբ, հանրությանը պարզաբանելու՝ ընկերոջ աճյունը Եռաբլուրում ամփոփելու դեմ գործադրված մեքենայություննրը եւ արձանագրելու՝ կատարվածին մեր քաղաքական գնահատականը», - նշված է հայտարարությունում: