22/05/2023 12:26
Իմ որդուն չեմ հորդորել հետ վերցնել բողոքը, նա իր փաստարկներով ինձ զրկել է այդ հնարավորությունից. Փաշինյան
Ոչ, ես իմ որդուն չեմ հորդորել հետ վերցնել բողոքը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իր որդուն հորդորել է հետ վերցնել զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի դեմ բողոքը։
«Ես Հայաստանում չէի միջադեպի ժամանակ, մինչև վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են տրվել։ Երբ ես նրա հետ զրուցում էի, ինքն ասում էր՝ ամբողջ նպատակն ու խնդիրն էն չի՞, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը։ Բա հիմա ես ո՞նց արձագանքեմ էդ փաստին։ Ասենք, ենթադրենք, ես էլ իմ ընկերներին կամ իմ ջոկատի անդամներին վերցնեմ, ինչ-որ պատասխան գործողություն անեմ կամ անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքո՞վ պատասխանեմ, սպառնալիքին սպառնալիքո՞վ պատասխանեմ, առևանգմանը առևանգմա՞մբ պատասխանեմ։ Ինքն ասել ա՝ բնականաբար, դա անընդունելի է և ՀՀ-ում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծել», -ասաց վարչապետը։
Նա նշեց նաև, թե Աշոտ Փաշինյանն իրեն ասել է, թե իր ընկալմամբ հենց դա է եղել հոր քաղաքական գործունեության և պայքարի ամբողջ նպատակն ու իմաստը։
«Դրանից հետո ես չունեմ փաստարկ այդ կոչով կամ խնդրանքով նրան դիմելու», - ասաց Փաշինյանը։