22/05/2023 20:58
Եկատերինբուրգում հնչել են Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները
Մայիսի 15-ից ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնը:
Փառատոնը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Խաչատրյանի տրիոյի հետ համատեղ։
Հինգ օր շարունակ Եկատերինբուրգ քաղաքում հնչել են Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները՝ ընդգրկելով մեծանուն կոմպոզիտորի ամբողջ ստեղծագործական ուղին` սկսած ուսանողական տարիներից մինչև նրա վերջին՝ ալտի համար գրված սոնատը:
Արամ Խաչատրյանի ամենաշատ կատարվող, ինչպես նաև քիչ հայտնի ստեղծագործությունները ներկայացրել են Ուրալի ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերը, Խաչատրյան տրիոն, Ռուսաստանի և Հայաստանի հայտնի երաժիշտ-կատարողները։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և Սվեդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի համագործակցությամբ բացվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են եզակի փաստաթղթեր և լուսանկարներ: Ցուցադրությունը ուղեկցվել է կոմպոզիտորի մասին պատմող ֆիլմաշարով: