22/05/2023 20:06
«Ստորակետերից մեկը դրվեց, մնացին պաշտոնական փաթեթավորված, իրավական ձևակերպումները և ժողովրդի կարծիքը»․ Դավիթ Բաբայանը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու հայտարարության վերաբերյալ
Այսօր Նիկոլ Փաշինյանն իր հերթական ասուլիսի ժամանակ անդրադառնալով իր կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ 86.600 քկմ տարածքով, հնչեցված հստակ հարցին պատասխանեց. «86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով»:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, նախ ասաց, որ ստորակետներից մեկը դրվել է, սակայն մեկ-երկու ստորակետ դեռ դրված չեն։
«Հայտարարություններով չէ, որ պետք է սահմանափակվենք, պետք է պաշտոնական այդ ամենի փաստաթղթային փաթեթավորումը։ Այսինքն՝ ինքը պետք է՝ չգիտեմ ինչ ձևով՝ ծրագրի ձևով, ստորագրության կամ պայմանագրի կնքելու ձևով հստակ նշի, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։
Երկրորդը՝ այդ հարցը պետք է դրվի ԱԺ-ում վավերացման՝ բաց քվեարկությամբ։ Պատմության համար մեր «հերոսներին» պետք է ճանաչենք, բոլորը պետք է բաց քվեարկեն, իմանանք՝ ով է ձայն տվել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,- նշել է Դավիթ Բաբայանը։
Ճշտող հարցին՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որևէ պատգամավոր նման նախագծին դեմ կքվեարկի՞, Դավիթ Բաբայանը պատասխանել է.
«Թող կողմ քվեարկեն, բայց ամեն ինչ պետք է պաշտոնական լինի, հայտարարություններով սահմանափակվելը հնարավորություն է տալիս հետո շահարկումներ անել՝ բա մենք սա կանենք, եթե իրենք ճանաչեն և այլն․ չէ, պաշտոնապես ճանաչեք, կանգնեք ասեք, որ այսպես է։ Դրանից հետո մենք պետք է իմանանք հայ ժողովրդի, ՀՀ հասարակության կարծիքը, թե ինչ է մտածում այդ ժողովուրդը, ժողովուրդ կա՞, չկա՞, ի՞նչ են ուզում։ Միայն դրանից հետո մենք կունենանք հստակ պատկեր։
Ասաց՝ ուզում է, ցանկանում է և պլանավորում է, բայց պետք է հստակեցնի»։
Միաժամանակ Բաբայանն ընդգծել է, թե այնպես չէ, որ Հայաստանն ասում է՝ մենք ճանաչում ենք Արցախն Ադրբեջանի մաս, հետո Արցախն ու Ադրբեջանը թող իրենց հարցերը կարգավորեն։
«ՀՀ-ն պարտավորություններ ունի՝ 1994 թվականի միջազգայնորեն ճանաչված որոշման ներքո՝ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված, Հայաստանը նույնպես ճանաչված է հակամարտության և բանակցությունների կողմ։ Հետևաբար՝ այնպես չէ, որ Արցախին հասցնեն մի կետի ու ասեն՝ թող ինքը որոշի։ Սա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ՀՀ իշխանությունները՝ երկրի ղեկավարի գլխավորությամբ, լինի վարչապետ թե նախագահ, պաշտոնապես ճանաչեն Արցախն Ադրբեջանի կազմում։
Կրկնում եմ՝ ստորակետերից մեկը դրվեց, մնացին պաշտոնական փաթեթավորված, իրավական ձևակերպումները և ժողովրդի կարծիքը։ Բոլորը թող իրենց կարծիքն արտահայտեն, նաև ԱԺ-ն։ Երկու կոպեկի համար կռիվ կտան, իսկ Արցախի համար՝ ո՞չ»,- ասել է Դավիթ Բաբայանը։