22/05/2023 17:23
Գայանե Հակոբյանի գործը դեռ շարունակվում է, բայց վարչապետն ասուլիսի ժամանակ արդեն մեղադրական դատական ակտ կայացրեց, վերջակետ դրեց իրավական ցանկացած գործընթացի․ Փաստաբան
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի փաստաբանը՝ Վահան Հովհաննիսյանը, նշում է՝ զոհված զինվորի մոր հետ կապված գործը դեռ շարունակվում է, բայց վարչապետն ասուլիսի ժամանակ արդեն մեղադրական դատական ակտ կայացրեց, վերջակետ դրեց այս գործում իրավական ընդհանրապես որևէ գործընթացի՝ նշելով, որ տեղի է ունեցել «առևանգում»։
Փաստաբանը անհրաժեշտ համարեց, որ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ մնա անձի անմեղության կանխավարկածը չխախտելու սկզբունքին։
«Դեռևս որևէ մեկը՝ ո՛չ ես, ո՛չ քննիչը, ո՛չ դատարանը, չի կարող փաստել՝ տիկին Հակոբյանը կատարե՞լ է այդ հանցագործությունը, թե՞ չի կատարել։ Այս պահին առկա է ընդամենը կասկած և կասկածի վերաբերյալ մեղադրանք։ Այսքանը։ Անձի մեղավորությունը հաստատվում է մեղադրական դատական ակտով։ Հետևաբար, կրկնում եմ, պետք է զերծ մնալ նմանատիպ արտահայտություններից»,- ընդգծեց Վահան Հովհաննիսյանը։