22/05/2023 14:18
Հայաստանի անվտանգությունն առաջին հերթին տեսնում ենք մեր տարածաշրջանում՝ խաղաղություն ունենալով. Փաշինյան
Շատ են ասում, թե ինչու ԵՄ դիտորդների մուտքին համաձայնեց Հայաստանը, իսկ ՀԱՊԿ առաքելության մուտիքն չի համաձայնում. շատ պարզ պատճառ կա, որովհետև անվտանգության ոլորտում ՀԱՊԿ-ի հետ մենք ունենք պայմանագիր, որտեղ փոխադարձաբար պարտավորությունները ֆիքսված են. լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ՀԱՊԿ-ի այսօրվա դիրքորոշումները համեմատում ենք մեր երկկողմ հարաբերություններում կամ ՀԱՊԿ-ի շրջանում բազմակողմ հարաբերություններում փոխադարձաբար ունեցած իրավական պարտադիր պարտավորությունների հետ։ Եվ երբ այդտեղ դիսոնանս ենք տեսնում, ասում ենք՝ հարգելի գործընկերներ, եկեք սկզբից այդ դիսոնանսի հարցը լուծենք, հետո՝ մոնիտորինգի, որովհետև առանց այդ դիսոնանսի հարցը լուծելու, չի կարող մոնիտորինգի առաքելությունը լինել արդյունավետ», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե ԵՄ-ի հետ ՀՀ-ն այդպիսի դիսոնանս չունի, որովհետև ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում չունի կնքած որևէ պայմանագիր, որը նրանք ամբողջությամբ չեն իրականացնում։
Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանն իր անվտանգությունը որտեղ է տեսնում՝ Արևմուտքի՞, թե՞ ՌԴ-ի հետ՝ Փաշինյանը պատասխանեց.
«Անվտանգությունն առաջին հերթին տեսնում ենք մեր տարածաշրջանում՝ խաղաղություն ունենալով»։
«Ո՞ւմ հետ» հարցին վարչապետը պատասխանեց.
«Մեր միջավայրի հետ, մեր տարածաշրջանի հետ։ Եթե մեր ընկալումն այն է, որ մեր վրա պետք է անընդհատ հարձակվեն, կամ մենք պետք է պաշտպանվենք երրորդ ուժի աջակցությամբ և օգնությամբ, մի իքս պահի երրորդ ուժը կարող է ասել՝ ես չեմ ուզում աջակցել, գնում եմ իմ խնդիրները լուծելու։ Եվ այստեղ կմնանք մեր թշնամական միջավայրի հետ դեմ հանդիման։ Մենք դա մի անգամ արդեն տեսել ենք և դա մեր պատմության ամենաողբերգական էջն է։ Պետք է մտածենք սրա մասին, որովհետև չմտածելը կլինի շատ կոնկրետ դավաճանություն ՀՀ պետական շահերին»։