22/05/2023 14:30
«29,800 քառ․ կմ-ի մեջ մտնում է Արծվաշենը, 86,600 քառ․ կմ-ի մեջ մտնում են նաև անկլավները»․ Փաշինյանի նշած տարբերակներից մեկով՝ Արծվաշենը վերադառնում է Հայաստանին, «մյուս տարածքներն»՝ Ադրբեջանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից ասուլիսի ժամանակ հետաքրքվեցին՝ երբ ինքը հայտարարում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է 86,600 քառակուսի կիլոմետրով, դրանում ներառու՞մ է նաև «անկլավները»։
«86,600 քառակուսի կիլոմետրն առանձին է, բայց փաթեթի մեջ է 29,800 քառակուսի կմ-ի հետ։ 29,800 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դա քաղաքական դիրքորոշում է, հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել։
«Անկլավների թեմայի հետ կապված՝ տարբերակները մի քանիսն են։ Եթե այդպիսի համաձայնություն ձեռք բերվի, դրանցից մեկը կարող է լինել, որ գծի երկու կողմում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որում գտնվում են՝ տարածքների, այսպես ասած, համաչափության կամ նույնականացման ձևով, այսինքն՝ կիլոմետր քառակուսիների ճշգրտումով։ Ենթադրենք՝ չափել՝ Արծվաշենի տարածքն ինչքան է, մյուսների տարածքն ինչքան է և, ըստ այդմ, այնպես անել, որ ամեն ինչ լինի հավասարության սկզբունքի հիման վրա։
Կամ մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից Արծվաշենը, համապատասխանաբար, վերադառնա Հայաստանի ինքնիշխանության ներքո, էն մյուս տարածքները, որոնք դե յուրե կհիմնավորվեն, վերադառնան ․․․ որովհետև այս նրբությունը միշտ պետք է հաշվի առնել, որովհետև այդ իրավական մասերը մինչև վերջ ուսումնասիրված չեն»,- իր մատնանշած տարբերակները փորձեց ներկայացնել ու բացատրել Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով՝ սա քաղաքական դիրքորոշումն է, «իրավական մասերը մինչև վերջ ուսումնասիրված չեն»։