22/05/2023 15:23
Շատ է եղել, որ մենք այցերի ընթացքում թանկարժեք նվերներ ենք ստացել․ չես կարող նվերը հետ տալ, ասել՝ վերցրու, չեմ ուզում․ Փաշինյան
Կոռուպցիան, իրոք, պոզով-պոչով կենդանի չէ, չենք ուզում, որ մեր մեջ բուն դնի և զարգանա, ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հերթական անգամ հավատացնելով՝ վճռականորեն պայքարում են դրա դեմ։
«Հենց մենք ենք ընդունել, որ աուդիտորական ընկերություն ջան, գնա, ստուգի կուսակցություններին, այդ թվում՝ իշխող կուսակցությանը, ուղարկի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»,- իր օրոք կոռուպցիայի դեմ ընթացող պայքարի մասին պատմեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իրենք կարգավորում են նաև միջազգային այցերի ժամանակ ստացված նվերները տնօրինելու հարցը։
«Հիմա էլ նվերների մասին էնպիսի խիստ օրենսդրություն ենք ընդունել, որ նայում ենք՝ էնքան խիստ է, ասում ենք՝ լավ, ո՞նց ենք աշխատելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նվերները, ինչպես նա նշեց, չեն կարող չվերցնել, ուստի պետք է ընթացակարգեր սահմանեն՝ ի՞նչ անել իրենց տված թանկարժեք նվերների հետ։
«Հա, հիմա էլ աշխատում ենք ստացած նվերները պետությանը հանձնելու ընթացակարգերի վրա։ Օրինակ, ասեմ՝ շատ է եղել, որ մենք այցերի ընթացքում շատ թանկարժեք նվերներ ենք ստացել։ Չես կարող նվերը հետ տալ, ասել՝ վերցրու, չեմ ուզում։ Հասկանալի է, չէ՞, որ միջպետական հարաբերությունների հարց է։ Եվ նվերները բերում, հետո պարզում ենք, որ ընթացակարգը չկա, թե ոնց պետք է հանձնենք կամ ինչ պետք է անենք այդ նվերները։ Հիմա նաև աշխատում ենք այդ ընթացակարգերի վրա»,- հավելեց նա։