22/05/2023 13:38
«Հարցը ուզում են տեղափոխել տղայական հարթություն». Փաշինյանը բացառում է՝ որդուն չի ասի գնա ու հետ վերցնի զոհված զինվորի մոր դեմ ներկայացրած դիմումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսում գրանցել է իր ավտոշարասյան պատճառով մահացու ավտովթարի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հեռախոսահամարը:
«Իր համարը իմ մոտ գրանցել եմ, որ եթե զանգի…, ինչքան հիշում եմ՝ ես բաց թողած զանգ չունեմ», - ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը:
Նա վստահ է՝ ոչ մի պատճառ չկա, որ այդ գործն օբյեկտիվ չքննվի:
«Չկա ուղղակի նման պատճառ. այո, ես եղել եմ մեքենայի մեջ, ոչ մի գաղտնիք չկա», - նշեց նա:
Խոսելով իր որդու հետ կապված քրեական գործի ընթացքից՝ նա ասաց, թե բացարձակ տեղակ չէ գործից, միակ աղբյուրը, որից գիտի գործի մասին, իր որդին է:
Նա բացառում է, որ որդուն կոչ անի հետ վերցնել դիմումը:
«Հետ վերցնել…, է դուք, որ խոսում եք կոռուպցիայից, խոսում եք հովանավորչության, պաշտոնական դիրքը չարաշահելու և այլնի մասին, հիմա դուք այդ պրոցեսի կապը չե՞ք տեսնում: Ի՞նչ է նշանակում հորդորել հետ վերցնել: 2018 թվականի ՀՀ կառավարության ու հետագա ծրագրերում էլ արձանագրվել է, որ իրավապահ մարմինների հետ համագործակցելը պետք է լինի ՀՀ քաղաքացիների պարտքը: Եթե չկա հանցակազմ, թող գործը կարճեն, եթե կա՝ թող գործի նախաքննությունն ավարտեն ու գործն ուղարկեն դատարան, դատարանն էլ թող կայացնի», - ընդգծեց նա:
Փաշինյանը կարծում է, թե այս հարցը ուզում են տեղափոխել «տղայական հարթություն»:
«Աբսուրդ է, որ կանայք, երբ խոսում են կանանց մասին, ասում են՝ թող տղավարի իրեն պահի, ի՞նչ տղայավարիի մասին է խոսքը, սա պետություն է: Փոխգնդապտի գլխին շիշ խփեն, ասենք՝ լավ, եկեք ներենք, առևանգեն…էդ մարդիկ չէի՞ն, որ խոսում էին մանկապարտեզ պայթեցնելու մասին…», - նշեց նա:
Դիմելով հարց տվող լրագրողին՝ Փաշինյանը հետաքրքրվեց. «Դուք ձեր դիմումը հետ վերցրե՞լ եք Հակոբ Արշակյանի գործով, ինչո՞ւ հետ չեք վերցրել, բա հետ վերցրեք: Ես ձեզ կոչ եմ անում հետ չվերցնել դիմումը, բայց երբ դուք ձեր դիմումը հետ կվերցնեք, նոր ուրիշներին այդպիսի հարցեր կտաք: Տեսանյութում երևում է, որ դուք գնում, մտնում եք Հակոբ Արշակյանի կնոջ սուպի մեջ»։