22/05/2023 14:38
«Դա այդպես չէ». Փաշինյանը դեմ է այն պնդմանը, թե իրենք խաչ են քաշել Արցախի վրա
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Սահմանադրության խախտում չէ այն, որ ինքը Բրյուսելում Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածքային մաս:
«Ադրբեջանը, մեր ընկալմամբ, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականություն է իրականացնում: Մեր խնդիրն է ամեն ինչ անել այդ քաղաքականությունը թույլ չտալու համար, եթե հնարավոր է՝ այդ քաղաքականությունը փոխելու ուղղությամբ՝ ոչ միայն միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշումներով, այլև Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունների միջոցով և նաև Բաքու-Ստեփանակերտ ինստիտուցիոնալ երկխոսության միջոցով»,-պատասխանեց նա:
«1989 թվականին ՀՀ Գերագույն խորհուրդը և ԼՂ-ի Ազգային խորհուրդը որոշում են կայացրել Հայաստանի և ԼՂ-ի վերամիավորման վերաբերյալ: 1990 թվականին ՀՀ-ն ընդունել է Անկախության հռչակագիր՝ հղում անելով նաև այդ որոշմանը: 1991 թվականին ԼՂ-ն հայտարարել է անկախություն, ումի՞ց է հայտարարել այդ անկախությունը: Հայաստանի Հանրապետությունի՞ց, եթե այս տարբերակն է՝ արդյոք Գերագույն խորհրդի որոշումը խախտվե՞լ է: Եթե խախտվել է, ապա ինչո՞ւ խախտողները պատասխանատվության չեն ենթարկվել: Իսկ եթե Ադրբեջանից, ապա Ացգային խորհրդի որոշումը խախտվե՞լ է, թե՞ ոչ: Եթե վերամիավորվել ենք ՀՀ-ի հետ, ումի՞ց ենք անկախություն հռչակում: 1995 թվականին ՀՀ-ն ընդունում է Սահմանադրություն հանրաքվեով, 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր «Պատերազմ թե խաղաղություն. Լրջանալու պահը» խորագրով հոդվածը, որտեղ ասել է, որ ԼՂ-ի անկախության հարցում մենք բարեկամներ չունենք և, ըստ էության, ասել է, որ մենք բարեկամներ չունենք: Հարց՝ այդտեղ Գերագույն խորհրդի որոշումը, հռչակագիրը, Սահմանադրությունը խախտվե՞լ են, թե՞ ոչ: 1998 թվականին տեղի է ունեցել իշխանության փոփոխություն և ՀՀ-ն բանակցային գործընթացից դուրս է թողել ԼՂ-ն, որից հետո բանակցությունների հիմք ընդունվել է ընդհանուր պետություն հասկացությունը, որտեղ ամրագրվում է, որ ԼՂ-ն ինչ-որ ձև ամբողջականացվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ:
Կներք, բառերն անգիր չեմ հիշում, բայց իմաստների մեջ վստահ եմ 100 տոկոսով:
Որից հետո քննարկվել է տարածքային փոխանակման բանակցային փաթեթը, որը հրապարակված է, բոլորդ տեղյակ եք: Մեղրիի շրջանը հանձնելու դիմաց ստանալ ԼՂ-ն: Սա Սահմանադրության խախտու՞մ է, թե՞ ոչ: Որից հետո ընդունվել է Մադրիդյան սկզբունքները, որի առանցքային դրույթներից մեկը դեֆակտո և դեյուրե այն է, որ ԼՂ-ի կարգավիճակի ճշգրտման հարցը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ՝ ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով:
Հարց՝ Սահմանադրությունը, հռչակագիրը և 89-ի որոշումը խախտվե՞լ են, թե՞ ոչ, որովհետև եթե անցյալում հանրաքվե է եղել և մեր կարգավիճակը ճշգրտվել է, ապա ապագայում ինչ հանրաքվե է տեղի ունենալու: Ասվում է, որ պոտենցիալ հանրաքվեն չի կարող սահմանափակել ԼՂ-ի որևէ կարգավիճակ: Սա նշանակում է, որ այդ համաձայնությամբ ԼՂ-ն կարող էր լինել Ադրբեջանի մաս, ընդ որում, առանց որևէ կարգավիճակի: Երբ ասվել է, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, կողմերն էլ Հայաստանն ու Ադրբեջանն են, եթե ինքնորոշվել է, եթե չենք համարում իրեն Ադրբեջանի մաս, ինչի՞ ենք Ադրբեջանի հետ համաձայնեցնում»,-ներկայացրեց նա:
Լրագրողի այն դիտարկմանը, թե դրանք միայն բանակցություններ են եղել և կյանքի չեն կոչվել, սակայն ինքը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում և փորձում է խաչ քաշել Արցախի վրա՝ Փշինյանն արձագանքեց.«Կտրականապես համաձայն չեմ Ձեր դիտարկման հետ, թե մենք Արցախի կամ ԼՂ-ի վրա խաչ ենք քաշում: Էդ բանակցային գործընթացը հո չի՞ ցնդել, դրանք կան որպես միջազգային ընկալման մաս: Մենք եկել ենք և պատկերի կեսն ենք ներկայացրել: Թող Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին չասեր, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են և անընդունելի մեզ համար և հաջորդն էլ պատերազմի անոնս չաներ»։