22/05/2023 13:56
Եթե ստորագրելու բան լինի, որևէ գործողություն չեմ ձեռնարկի, որը կարող է նշանակել քաղաքական պատասխանատվությունից խուսափել. Փաշինյան
Այն իշխանությունը, որը գնում է այդպիսի որոշման, առաջին հերթին իր վրա վերցնում է քաղաքական պատասխանատվություն, կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե խաղաղության պայմանագրի շուրջ կողմերը համաձայնության գան, ինչպիսի՞ն է լինելու իշխանության գործողությունը երկրի ներսում, հանրությունն ի՞նչ միջոցառումներով է դրան մասնակցելու, արդյո՞ք հանրաքվեն հնարավոր տարբերակ է։
«Կան շատ գործիքներ՝ ավելի կամ պակաս ժողովրդավարական, բայց ես չեմ ուզենա, որ մենք որևէ ձևով ստեղծենք տպավորություն, թե մենք փորձ ենք անում մեր քաղաքական պատասխանատվությունից խուսափել և այն դնել այլ սուբյեկտների վրա։ Իսկ, ընդհանուր առմամբ, որևէ քննարկում չեմ բացառում, բայց որոշումներ կայացնելու մասին չեմ կարող ասել», - ասաց վարչապետը։
Նա նշեց՝ եթե ստորագրելու բան լինի, որևէ գործողություն չի ձեռնարկի, որը կարող է նշանակել քաղաքական պատասխանատվությունից խուսափել։