22/05/2023 13:33
«Հույս ունեմ, որ հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստեր ներկայացրել են ընդհուպ մինչև իրենց սեռական առողջության վերաբերյալ»․ Փաշինյանի թիրախում կրկին եկեղեցին է
Եկեղեցու հասցեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հերթական աղմկահարույց ձևակերպմանն արձագանքելով՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ասել էր․ «Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմն ու համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանն արձագանքեց այս դիտարկմանը՝ ասելով, որ վիրավորական բառապաշար չի օգտագործի, բայց միևնույն ժամանակ՝ թիրախավորելով եկեղեցուն ու հոգևորականներին և «հույս հայտնելով», որ բարձրաստիճան հոգևորականները ճեմարան ընդունվելիս, նրա իսկ ձևակերպմամբ, «փաստեր ներկայացրել են՝ ընդհուպ մինչև իրենց սեռական առողջության վերաբերյալ»։
«Հայտարարության հեղինակներին չեմ հակադարձի վիրավորանքներով, որովհետև քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ։ Տեսնում եք, որ ես փորձում եմ այդ ժանրից հրաժարվել։ Ինչ վերաբերում է հոգևոր ճեմարան ընդունվելուն, ես հույս ունեմ, որ հոգևոր ճեմարանն ավարտած և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ և փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ։ Համոզված եմ դրանում, որ ներկայացրել են, այնպես որ, մտահոգվելու մեծ բան չկա»,- ասաց Հայաստանի վարչապետը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների մասին։