22/05/2023 12:39
Մենք Արևմուտքից ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու, փչացնելու ազդակներ չենք ստանում. Փաշինյան
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, քանի որ չի մատնանշում, իր պատկերացմամբ, ՀՀ տարածքը: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ֆունդամենտալ պրոբլեմը սա է: Երբ որ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա»:
Նա նաև անդրադարձավ Արևմուտքի միջնորդությամբ ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելուն. «Մենք Արևմուտքից ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու, փչացնելու ազդակներ չենք ստանում, չենք էլ ստացել և չեմ էլ կարծում, որ այդպիսի ազդակ երբևէ կլինի: Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում է նաև ՌԴ-ին: Մեր երկկողմ հարաբերությունները ՌԴ մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում և ոչ մի մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք տարածաշրջանում ՌԴ-ի և մեր հարաբերություններում առկա իրադրությունների վերաբերյալ: Եկեք դիտարկենք նույն Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությունը: Չմոռանանք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը վերահոսկողության տակ պահելը ՌԴ-ի պարտավորությունն է»:
Նա նաև ավելացրեց, որ դրա մասին նախկինում ևս խոսել է, բայց դարձյալ ուզում է ընդգծել, որ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից հենց այդ պարտավորության խախտումն է: