22/05/2023 13:02
Մոսկվայում հինգշաբթի փաստաթուղթ ստորագրելն իրատեսական չեմ համարում. Փաշինյան
Մոսկվայում հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի օրը: Չեմ կարծում, որ մինչև այդ օրը իրատեսական է խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այն հարցին, թե հանարավո՞ր է առաջիկա հանդիպումների ժամանակ որևէ փաստաթուղթ ստորագրվի՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե կոմունիկացիաների վերաբերյալ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի, դուք գիտեք մեր մոտեցումները և սկզբունքները, բացառել չեմ կարող: Մեր խնդիրն է հնարավորինս արագ ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիրը: Համենայն դեպս մեր թիմը շատ ինտենսիվ է աշխատում: Եթե գործնական նայենք, ապա Վաշինգտոնից առաջ մեր խմբագրումները փոխանցել ենք Ադրբեջանին, դա 4-րդ խմբագրումն էր և հիմա մենք իրենց արձագանքին ենք սպասում, որը, հույս ունենք, կարտահայտի Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումները, փոխըմբռնումը, պայմանավորվածությունները, այն ըմբռնման առաջընթացը, որն արձանագրվել է», - հայտարարեց նա:
Նրա խոսքով, եթե այս շաբաթ Ադրբեջանը փոխանցի իրենց արձագանքը և եթե դրանք հայկական կողմը համարի ընդունելի՝ փոխզիջումային տրամաբանության մեջ, ապա հնարավոր է՝ շուտ ստորագրվի փաստաթուղթը. «Բայց այս պահին չենք ստացել իրենց արձագանքները»:
Անդրադառնալով միջազգային երաշխավորների հարցին՝ Փաշինյանը նշեց, որ այդ թեմայով էլ ըմբռնման փոփոխություն կա.«Երաշխավոր լինելը այսպիսի բարդ տարածաշրջանում, նախ և առաջ, շատ մեծ պատասխանատվություն է, որը շղթայական հնարավորություններ և ռիսկեր կարող է առաջացնել երկրների, կարող է երկրի հեղինակությունը բարձրացնել և իջեցնել: Այս առումով այնպես չէ, որ բոլորը խանդավառված են և իրար հերթ չտալով՝ ուզում են, որ այդ դերը ստանձնեն: Համոզված եմ, որ եթե միջազգային հանրությունն արձանագրի, որ կողմերի միջև անկեղծ ցանկություն կա տևական խաղաղության հաստատման, կլինեն երկրներ ու կազմակերպություններ , որոնք կհամաձայնեն ստանձնել այդ գործառույթը»: