22/05/2023 12:34
1975 թվականի Խորհրդային միության գլխավոր շտաբի քարտեզը կարող է և պետք է հիմք հանդիսանա նաև հետագա սահմանագծման աշխատանքների համար․ Փաշինյան
«Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ 1975 թվականի Խորհրդային միության գլխավոր շտաբի քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշման մասին։ Զորքերի հայելային հետքաշումը, մեր կարծիքով, այս իրավիճակում կնշանակի կայունության ապահովում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս խնդիրը ձևակերպված է նաև միջազգային հանրության կողմից, ինչը «բավականին կարևոր է և ողջունելի»։ Ինչ վերաբերում է այս հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա, ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, գոնե այս պահին տեղաշարժ չկա։
«Ոչ մի գաղտնիք չկա նրանում, որԱդրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում, բայց միևնույն ժամանակ պիտի արձանագրեմ, որ դա միջազգայնորեն ստանձնած պարտավորության խախտում է, որովհետև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ կողմերը պայմանավորվել ու պարտավորվել են խուսափել ուժի կամ ուժին սպառնալիքի գործադրումից»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նաև վստահեցրեց՝ «զորքերի հայելային հետքաշումն ինքնին չի կանխորոշում սահմանագծման աշխատանքները, այսինքն, դա առանձին գործընթաց է»։
«Մյուս կողմից՝ մենք կարծում ենք, որ 1975 թվականի քարտեզը կարող է և պիտի հիմք հանդիսանա նաև հետագա սահմանագծման աշխատանքների համար, որովհետև դա է ենթադրում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»,- ասաց նա։