22/05/2023 13:28
Խաղաղության օրակարգը իրականում ձևավորվել է քաղաքացիների հետ շփումների արդյունքում. Նիկոլ Փաշինյան
2021 թվականի ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ հանրությունը հավասար ձևով նաև ասողի դերում էր, այլ ոչ թե միայն լսողի: Այսօր ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ասել եմ, որ ընտրությունների քարոզարշավը շատ ակտիվ է ստացվել և, սովորաբար, այնպես է լինում, որ քաղաքական ուժերը քարոզարշավի ժամանակ ասողի դերում են լինում, իսկ հանրությունը լսողի: 2021 թվականի ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ հանրությունը հավասար ձևով նաև ասողի դերում էր: Համենայն դեպս իմ բոլոր շփումներում ես դա տեսել եմ: Եվ խաղաղության օրակարգը իրականում ձևավորվել է քաղաքացիների հետ այդ շփումների արդյունքում»,-ավելացրեց նա:
Փաշինյանը նշեց, որ այն, ինչ իրենք այսօր ասում են, վկայում է այն մասին, որ գնում են իրենց նախընտրական խոստումների հետևից.«Ասում եք՝ «Անջատում՝ հանուն փրկության»: Ես այդ թեմային անդրադարձա կառավարության ծրագրի 2022 թվականի հաշվետվության զեկույցի խորհրդարանական քննարկումներին: Անջատում ումի՞ց: Մեր պրոբլեմը միշտ եղել է այն, որ մենք միշտ արձանագրել ենք ճշմարտության միայն մեկ հատվածը: Մենք գնացել ենք կարգախոսների հետևից և արձանագրել ենք իրողություններ, նրբություններ, որոնց մասին այսօր խոսում ենք: Մենք, ինչ-որ առումով, վերանայում ենք նաև մեր անցած ճանապարհը, թե այնտեղ ինչ պետք է անեինք, որ գուցե չենք արել: Բայց խնդիրն այն է, որ մենք կարևոր ենք համարում ժողովրդի հետ զրույցը և դրա մեջ մաքսիմալ անկեղծ ենք: Ուրիշ խնդիր կա, սակայն: Նայեք աշխարհաքաղաքական իրավիճակը 2021 թվականի հունիսին և այսօր: Տարածքային ամբողջականության սկզբունքը դարձել է միջազգային հարաբերությունների կարևոր սկզբունք»:
Նրա խոսքով՝ 2018 թվականի դրությամբ հնարավոր չէր լիարժեք կանխատեսելի ընթացք ունենալ, եթե Հայաստանը չէր հրաժարվում ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից.«Եկեք կոնկրետ խոսենք: Ի՞նչ պետք է անեինք, որպեսզի իրադարձություններն ընթանային շատ կանխատեսելի տրամաբանությամբ, ասենք, օրինակ՝ պատերազմը բացառելու կանխատեսմամբ: Պետք է այդ տեսլականից հրաժարվեինք»։