Ցանկացած իշխանություն, որը փորձում է ՀՀ անունից հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից, դրանով քայլ է կատարում ՀՀ սահմանադրական կարգի դեմ, «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ հայտարարեց «Համախմբում» նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը։
«Վարչապետ կոչվող անձը փորձում է զրկել մեզ ինքնությունից, պատմական հիշողությունից, ապագայից ու ապագայի իդեալներից` փորձելով մեզ սարքել մանկուրտ, անդեմ, նյութապաշտ, վախկոտ և ողորմելի մարդկանց մի բազմություն, որն իրավունք չունի ազգ կոչվելու։ Մենք, բնականաբար, չենք կարող հանդուրժել դա», - ասաց Չալաբյանը։
Նա նշեց, թե այս իշխանությունը փորձում է մարդկանց մոտ անելանելիության զգացում ստեղծել։
«2021 թվականին մի կերպ ընտրությունները հաղթելուց հետո, նա փորձել է ստեղծել այնպիսի տպավորություն, որ հայ ժողովուրդը պաշտպանում է այս իշխանություններին և կպաշտպանի ցանկացած գործողություն, որը կիրականացնի իշխանությունը։ Դա կեղծիք է։ Այս իշխանության վարկանիշն իր պատմական նվազագույնի վրա է հիմա գտնվում», - նշեց Ավետիք Չալաբյանը։
Նա ասաց, թե այս իշխանությունները նախընտրական մի ծրագրով են ընտրվել, որի հիմքում Արցախի ինքնորոշման ճանաչումն ու Արցախի դեօկուպացիան է եղել։
«Հրաժարվելով սեփական նախընտրական ծրագրից, սահմանադրության պահանջներից՝ այս իշխանությունները կա՛մ պետք է սեփական քաղաքական ուղեգիծը հաստատեն նոր հանրաքվեով, կա՛մ եթե նրանք դա չեն անում, մենք նրանց դա կպարտադրենք։ Հենց այդ նպատակով մենք սկսում ենք գործընթաց, որի նպատակն, ի վերջո, հանրաքվեն է՝ Արցախի Հանրապետությունից հրաժարումը քրեականացնելու նպատակով», - ասաց Չալաբյանը։
Մանրամասնելով՝ նա նշեց, թե դա փուլային գործընթաց է, առաջին փուլում պետք է լինի ստորագրահավաք, որպեսզի դրա հիման վրա ԱԺ մտցվի օրենքի նախագիծ․ «Մեզ պետք է մեր 50 հազար արժանապատիվ և խիզախ քաղաքացիների աջակցությունը»։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: