23/05/2023 18:05
Գործեք, քանի դեռ ուշ չէ, հակառակ դեպքում Արցախը հանձնելու ծանր դատավճիռը անընդհատ հետապնդելու է ձեզ ու ձեր սերունդներին. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
Հայաստանում ու Արցախում նոր իրավիճակ է ստեղծվել. պատճառը Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն է, Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Հիմա, երբ առավել, քան երբևէ Փաշինյանը պարզ ու հստակ հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ավելի վաղ էլ ընդգծում էր, որ այլևս չի վիրավորվում, երբ իրեն դավաճան են ասում, իրավիճակը շատ ավելի այլ բնույթ է ստանում:
Իշխանական թիմի ցանկացած ներկայացուցիչ պետք է հստակ ընտրություն կատարի՝ մի բան է քաղաքական կոլեկտիվ պատասխանատվության տակ մտնելը, մեկ այլ բան՝ անհատապես գիտակցելը, որ պատմության մեջ ես մտնում որպես անձ, ով իր համաձայնությունն է տվել Արցախի հանձնմանը»,- նշեց նա:
Աբրահամյանի խոսքով՝ ՔՊ-ականները պետք է գիտակցեն՝ դեռ ունեն ընտրություն կատարելու հնարավորություն:
«Հիշեք՝ ոստիկանությամբ, քննիչներով ,դատախազներով, դատավորներով կամ ուղղակի գնդահակարությամբ միայն կարող եք ժամանակ ձգել, սակայն պատմությունը սրբագրելու և հանձնողի խարանը ջնջելու հնարավորություն չեք ունենալու: Կանգնեք ու կանգնեցրեք ձեր այյն առաջնորդին, ով մի քանի տարի առաջ բոլորին համոզում էր, որ Արցախը Հայաստան է, և վերջ: Գործեք, քանի դեռ ուշ չէ, հակառակ դեպքում այս դաժան քաղաքական որոշման հետևանքն ու ծանր դատավճիռը անընդհատ հետապնդելու է ձեզ ու ձեր սերունդներին»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը: