23/05/2023 12:38
Փաշինյանը մեզ ցմահ դատապարտել է տառապանքի, բայց իր խարդախ գլխում ծագած որևէ ծրագրով մեզ էլ չի կարող վախեցնել. Ալիսա Գևորգյան
Փաշինյանն այնպիսի չարիք է, որ ես իր դեմ պայքարելու որևէ գործիք չունեմ. ոչ իր անբարոյականությունն ունեմ, ոչ իր՝ մարդկային գծերը հատելու կարողությունը, և ոչ էլ իր դաշնակիցներն ունեմ՝ ի դեմս Թուրքայի և Ադրբեջանի, բայց ես չեմ կարող հաշտվել այս իրականությանը, այն իրողությանը, որ իմ զավակին ապօրինի տարել սպանել են՝ ինչպես դահիճ Փաշինյանն է ասում՝ Ադրբեջանում։ Ես Արցախը Հայաստան եմ համարում, իմ որդին գնացել էր պաշտպանելու Արցախ-Հայաստանը, Փաշինյանը հիմա ասում է՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Եթե, իր կարծիքով, Արցախը Ադրբեջան էր, ապա ինչո՞ւ տարավ որդուս Ադրբեջան սպանելու, Փաշինյանի իշխանությունն է որդուս Վարանդա տարել, ոչ նախկինները, Aysor.am-ի հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը։
«Ինչ վերաբերում է Գայանե Հակոբյանի կալանքին, ենթադրել կարելի է, որ Գայանեի, ծնողների հանդեպ սադրանքը ծրագրված էր։ Շատ լավ գիտեին, որ այդ օրը դատավարութուն կա և հետևաբար պատահական չէր Աշոտ Փաշինյանի՝ այդ ժամին այդ տարածքում հայտնվելը։ Կան տեսագրություններ, որ փաստում են՝ որևէ բռնություն, նույնիսկ վիրավորական արտահայտություն Գայանեի կողմից չկա, անգամ ինքն էր մյուս ծնողներին հորդորում չմոտենալ այդ տղային», - ասաց նա։
Ալիսա Գևորգյանն ընդգծում է՝ մարդ, որ երեք տարի շարունակ ապրում է, կարելի է ասել, աֆեկտի վիճակում, որ տեսնում է իր զավակին սպանողն ազատ շրջում է, պատժված չէ, դատավարությունից դուրս գալուց հետո Աշոտիկին տեսնելով կարող էր և ոչ ադեկվատ վարք դրսևորել, բայց այդքանով հանդերձ Գայանեն չի կորցրել իրեն։
«Եթե անգամ Գայանեն Աշոտիկին Եռաբլուր տաներ, ի՞նչ կար դրանում սարսափելի, եթե զոհվածի մոր՝ Աշոտիկին Եռաբլուր տանելու ցանկությունը Փաշինյանը դիտարկում է իր որդու հանդեպ ոտնձգություն, կարո՞ղ է պատկերացնել՝ ինչ են զգում Գայանեն, մյուս ծնողները, որ իր պատճառով արդեն երեք տարի ողբերգության մեջ են ապրում», - նշեց նա։
Ալիսա Գևորգյանի գնահատմամբ՝ Գայանեի նկատմամբ ինչ վճիռ էլ կայացվի ամենաքիչը դրանից տուժելու է Գայանեն։ «Իր հետ խոսել ենք, շատ ուժեղ է, ես հենց վաղն էլ պատրաստ եմ գնալ նստել Գայանեի կողքին, Գայանեի փոխարեն։ Մենք ցմահ դատապարտյալներ ենք, Նիկոլ Փաշինյանը մեզ ցմահ դատապարտել է տառապանքի։ Ի՞նչ տարբերություն այստեղ ենք նստած, թե քրեակատարողական հիմնարկում, թեպետ կա տարբերություն՝ կառավարության շենքի մոտ նստելն ավելի դժվար է, երբ գիտակցում ես՝ մի քանի մետր այն կողմ նստած է թունավոր օդ արտանետող դահիճը։ Գայանեի դուստրը չափահաս է, Գայանեին էլ ոչնինչ չեն կարող անել, տանը մարդ չեն թողել, որի մասին Գայանեն հոգ տաներ, որի համար ճաշ եփեր։ Գայանեն, կալանքում լինելով, կարող է մտածել, որ իր Ժորայի համար մի բան անում է, այդ մենք չենք կարող թույլ տալ, որ Գայանեի հետ այդպես վարվեն։ Մարդ, որ Գայանեի որդուն տարել սպանել է, Գայանեին դատապարտում է։ Մեզ այլևս ոչնչով վախեցնել չես կարող, Նիկոլ, հույսդ կտրիր, քո խարդախ գլխում չի կարող ծագել ծրագիր, որով մեզ՝ ծնողներիս, կարող ես ցավեցնել կամ վախեցնել», - ասաց նա։