23/05/2023 10:53
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գնահատում ենք հակապետական, հակազգային. Արծվիկ Մինասյան
Երեկ Նիկոլ Փաշինյանն իր բազմաժամային ասուլիսի ժամանակ կատարել է մի շարք հայտարարություններ, որոնք ուղղակի առնչվում են ՀՀ-ի, Արցախի ու հայ ժողովրդի շահերին և պահանջում են ԱԺ-ում անմիջապես քննարկումներ և գնահատականներ, այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Նկատի ունենալով, որ դուք ՀՀ-ի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովների նախագահն եք, արդյոք հնարավոր համարո՞ւմ եք այս նիստերի ընթացքում քննարկման առարկա դարձնել այդ հայտարարությունները և գնահատական հնչեցնել մեր կողմից գնահատվող հակապետական, հակազգային մոտեցումներին», - դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվեց Արծվիկ Մինասյանը:
Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց, որ լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալը խմբակցությունների իրավունքն է. «Ես առաջարկում եմ դուք նախաձեռնությունը ներկայացնեք, մենք հետագայում կքննարկենք»:
Մինասյանն էլ հավելեց, որ իրենք ունեն այդ հնարավորությունը, բայց ինչպես պրակտիկան է ցույց տվել, մեծամասնությունը մշտապես նման նախաձեռնությունները մերժել է. «Կանոնակարգ օրենքը նման դեպքերում հնարավորություն է տալիս ձեզ՝ որպես ԱԺ նախագահի, հանդես գալ արտահերթ ուղերձով, հայտարարության նախաձեռնությամբ, որը կարող է առիթ հանդիսանալ նման հարցերի քննարկման համար»: