23/05/2023 11:09
«Տուն պահող» քննիչները թող իմանան՝ վաղը թուրքի տուն են պահելու, բայց հավաքարարի տեսքով. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ)
Երեկ հերթական անգամ ադրբեջանական թեզերը 100 տոկոսով կրկնելով՝ դավաճանական հայտարարություններ էին հնչեցվում հայրենիքի հատվածները թշնամուն հոժարակամ հանձնելու մասին, այսօր խորհրդարանում քննարկվող օրակարգում մի անմեղ կետ կա պետական պաշտոնյանների վարձատրությունը բարձրացնելու մասին, այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ պարզ հայերենով ասած, դա քննիչների աշխատավարձը բարձրացնելու մասին նախագիծ է. «Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորների աշխատավարձերի բարձրացումն ատեստացիայով է, շուրջ 3000 հարց զինվորականը պետք է անգիր անի, որ աշխատավարձը բարձրացնեն, սակայն այսպես ուզում են քննիչների աշխատավարձերը բարձրացնեն: Չեմ ուզում վիրավորել այն ազնիվ քննիչներին, որոնք ճկռում են քրեական գործերի տակ:
Բայց անցնող տարի, շատ հաճախ քննիչների հետ առնչվելուց, երբ ասում էինք՝ հերիք է կեղծ գործերով Նիկոլի ասածները կատարեք, մեզ ասում էին՝ դե տուն ենք պահում: Հիմա տուն պահելու համար աշխատավարձը մի քիչ էլ են բարձրացնում: Էդ տուն պահող քննիչները արցախյան առաջին ազատամարտի, քառօրյայի մասնակից Գեորգի Արիստակեսյանի դեմ քրեական գործ հարուցեցին, վերջերս արդարացվեց: Էդ տուն պահող քննիչները Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով Իգոր Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցեցին, դատարանով արդարացվեց:
Էդ տուն պահողները մի քանի օր առաջ հերոսածին մորը՝ Գայանե Հակոբյանին, սրիկայաբար մեղադրանք առաջադրելով, կալանքի տակ պահեցին: Տուն պահողները, քաղաքական պատվեր կատարողները, որ էսօր աշխատավարձ բարձրացնելու ակնկալիք ունեն, թող իմանան՝ էս իշխանության քայլերի արդյունքում վաղը մի օր թուրքի տուն են պահելու, բայց հավաքարարի տեսքով»: