23/05/2023 10:40
Լաստանավային բեռնափոխադրումները դեռևս կանոնավոր չեն. կարևորը, որ արդեն ունենք Լարսին այլընտրանք. Դավիթ Իլոյան
«ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունն այս տարվա ապրիլից սկսել է ծովային ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնել Նովոռոսիյսկ-Բաթումի, Բաթումի- Նովոռոսիյսկ ուղղությամբ: Այն Հայաստանի համար Վերին Լարսի այլընտրանքային տարբերակը կլինի:
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այդ հարցերով զբաղվում է «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը և հորդորեց կապ հաստատել ընկերության տնօրեն Դավիթ Իլոյանի հետ:
Դավիթ Իլոյանն Aysor.am-ին տեղեկացրեց, որ իրենց համար առաջնային խնդիրը հայկական արտադրողների, արտահանողների բեռները տեղափոխելն է և Հայաստան բեռներ ներմուծելը. «Բայց եթե նավում լինեն ազատ տեղեր, իհարկե, մենք վրացական բեռներն էլ կվերցնենք, որպեսզի դատարկ չգնա ու գա, քանի որ այն հսկայական ծախսեր է ենթադրում: Բայց ՀՀ-ն սուբսիդավորելու է միայն հայկական բեռները, վրացականն արդեն իրենք են վճարելու»:
Իլոյանի խոսքով՝ բեռները Հայաստանից և հակառակ ուղղությամբ կտեղափոխվեն և՛ մեքենաներով, և՛ Հարավկովկասյան երկաթուղով. «Նայած՝ ինչ բեռ կլինի և դրա համար որ տարբերակը հարմար կլինի՝ արագության, գնային, անվտանգության տեսանկյունից: Իհարկե, առաջնահերթ պետք է աշխատենք, որ երկաթուղով տեղափոխվի, քանի որ դա կօգնի նաև երկաթուղու զարգանալուն: Ու նաև դրանով մենք կնպաստենք, որ ճանապարհները շուտ չփչանան: Վթարները կպակասեն, սահմանային անցակետերը ծանրաբեռնված չեն լինի ու դրանով բեռի տեղափոխումը կէժանանա ու պրոցեսն էլ ավելի արագ կլինի: Ու արտահանողներն ու ներմուծողներն էլ կընտրեն, թե իրենց որ տարբերակն է հարմար՝ նավո՞վ, թե՞ մեքենայով: Սակայն, կարևորն այն է, որ մենք այս դեպքում այլընտրանքային ճանապարհ ենք ունենալու, այլ ոչ թե միայն Լարսի հույսին կմնանք»:
Անդրադառնալով Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության հերքմանը, թե կանոնավոր բեռնափոխադրումներ չեն իրականացվել՝ Իլոյանը նշեց. «Իրենք չեն հերքել, որ չի եղել նման բան։ Նրանք ասել են նաև, որ էլի նավը բեռներ տեղափոխելու է: Էլ ինչ ենք ուզում ապացուցենք: Այո՛, դեռևս փոխադրումները կանոնավոր չեն: Հիմա բեռները քիչ են, մենք դրանք հավաքում ենք, նավն ուղարկում ենք: Հենց բեռները շատանան, նավը կանոնավոր ամեն շաբաթ գնալու է, գա: Հույս ունեմ՝ դա կլինի հաջորդ շաբաթվանից»: