23/05/2023 16:27
Ես ամենաթանկն եմ կորցրել, բայց բոլորի համար եմ վախենում. ՔՊ հանցագործները սև գիծ են դաջում մեր պատմության մեջ. Լիդա Առուշանյան
Պատերազմից հետո մեռնել էի ուզում, հետո, երբ բախտակից ծնողներով գտանք իրար, միավորվեցինք, իրենք ինձ ուժ տվեցին, ես՝ իրենց։ Ապրեցի, որ երևի իմ ժողովրդի աչքերն ու ականջները բացեմ, բայց, կարծեք, չի ստացվում, դժվար է բացվում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։
«Ես մտածում եմ, որ Աստված մեզ պատժում է ճիվաղի ձեռքով, այսպիս բան չի եղել պատմության մեջ, ինչպես է, որ դեռ հանրության մեջ ինչ-որ շերտեր անտարբեր են, չեն վախենում իրենց շուրջը, իրենց հետ կատարվողից։ Երեկ մի սրճարան մտա՝ լվացվելու համար, բարձր երաժշտություն էր, բոլորն անհոգ նստած էին, մինչդեռ մի քանի մետր այն կողմ հայրենիքին ամենաթանկը տված մարդիկ պայքարում են»։
Լիդա Առուշանյանը իրավիճակի ելք համարում է հազարավոր մարդկանց փողոց դուրս գալը, ընդգծում է՝ ինչպես եկել է, այդպես էլ պիտի գնա։
«Փորձում են հերոսների մայրերին անվանարկել, մեկին կալանավորում են, մյուսներին բիրտ ուժով հեռացնում Եռաբլուրից, մի ուրիշին վիրավորում, հայհոյում, ասում են՝ մի նեղացեք՝ ֆեյքեր են վիրավորողները, բայց չէ՞ որ այդ ֆեյքերը օդից չեն, գլխաքանակ են, փող են ստանում, կա իրական ձեռք, որ գրում է այդ վիրավորանքները մեր հասցեին։ Հիմա էլ փորձում են առաջին տիկին համարվողին հավասարեցնել որդեկորույս մայրերին. սրանք ամեն ինչ արժեզրկում են, այնքան են խառնելու ամեն ինչ, որ շուտով մեզ՝ ծնողներիս դավաճան որակեն, որովհետև չենք համակերպվում Արցախի կորստին, չենք ընդունում դավաճան իշխանությանը»։
Լիդա Առուշանյանը համոզված է՝ Փաշինյանը գերեզման չի ունենալու, ՔՊ հանցագործների ձեռքով սև գիծ է դաջվում պատմության մեջ, իրենց փրկություն չկա, դժոխքի բաժին են դառնալու, բայց փաստն այն է, որ ախր մենք էլ ենք կործանվում։
«Ես ամենաթանկն եմ կորցրել, բայց բոլորի համար եմ վախենում, սեպտեմբերի 13-ի պատերազմից առաջ դռներ եմ ծեծել, զգուշացրել՝ Եռաբլուրում փոսեր են փորում, տեսանք՝ ինչ եղավ, հետո մեր 15 ժամկետայինները ողջակիզվեցին, այդ ապրումներից հիվանդ պառկեցի, էլի ոչ ոք չլսեց, ոտքի չկանգնեց, մի կին հրապարակում ասում է՝ կոտրված ձեռքով երկու անգամ ընտրել եմ ստահակին, ինչի դավաճանին կարելի՞ է երկրորդ անգամ այո ասել։ Բոլորը պիտի փորձեն իրենց մեղքը քավել փողոց դուրս գալով՝ հարյուր հազարավոր մարդիկ պիտի ընդվզեն․ այլ ելք չկա»։