23/05/2023 23:18
Չենք հանդուրժելու հայ ազգի շահերը ոտնահարող պարտադրվող համաձայնությունները․ ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը.
«2023 թ. մայիսի 22-ի մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անթաքույց հայտարարեց Արցախը եւ Տավուշի ու Արարատի մարզերի նախկին անկլավներն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչելու մասին, ինչը ՀՀ վարչախմբի կողմից հետեւողական կերպով իրականացվող հակապետական եւ հակազգային քաղաքականության հերթական դրսեւորումն է։
Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ձեռք ձեռքի տված` Հայաստանի այսօրվա իշխանությունը ծրագրված կերպով փորձում է կոտրել մեր ժողովրդի դիմադրության ոգին՝ անխուսափելի կործանման տանելով երկիրը։
Պարտությունների, կորուստների, նվաստացումների ընթացքը թեւակոխում է նոր փուլ։ Այս իշխանության պաշտոնավարման ամեն մի օրն ու ժամը այլեւս գոյութենական սպառնալիք է։
Սակայն ամեն ինչ դեռ կորսված չէ, վիճակը հնարավոր է շտկել, մենք ունենք այդ ներուժը։ Ազգային ուժերի ջանքերի մեկտեղմամբ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եւ բեկում մտցնել վիճակի մեջ։ Ուժեղ, արդար, արժանապատիվ Հայաստանն է գրավականը մեր անվտանգության ու ապագա հաջողությունների։ Բայց նախ պետք է կանխել կենսական զիջումներ պարտադրող անձնատվական (կապիտուլյացիոն) նոր պայմանագրերի ընդունումը՝ բացառելով առանց ժողովրդի անմիջական մասնակցության որեւէ համաձայնության կայացում։
Հայաստանի որեւէ իշխանության որեւէ գործողություն, որը կասկածի տակ է դնում Արցախում անցկացված հանրաքվեների արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու դրա անքակտելի մասը կազմող անկախության հռչակագիրը, ի սկզբանե առ ոչինչ են։
Մենք չենք հանդուրժելու հայ ազգի շահերը ոտնահարող պարտադրվող համաձայնությունները։ Արժանապատիվ ու հայրենատեր բոլոր հայերը այս առումով անելիք ունեն։ Մենք հավատում ենք՝ միասին կարող ենք բեկել պատմության ընթացքը»։