23/05/2023 18:28
Հայաստանում հանրաքվե անցկացնելու երկու հնարավորություն կա. Սահմանադրագետ
Այսօր հասարակական, քաղաքական, մշակութային որոշ գործիչներ խոսել են հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին․ «Ազատ Արցախ - Հայաքվե» նախաձեռնությունը կոչ է արել միանալ իրենց՝ անցկացնելու հանրաքվե` Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքից հրաժարվելը քրեականացնելու համար:
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանում հանրաքվե անցկացնելու երկու հնարավորություն կա․
«Մեկը վերաբերում է այն նախաձեռնությանը, որը փորձում է քրեականացնել Արցախն օտար պետությանը հանձնելու ցանկացած պետական իշխանության մարմնի կոչը: Սահմանադրությամբ նախատեսված է, և հնարավոր է նման հանրաքվե իրականացնել»,- ասաց սահմանադրագետը։
Երկրորդը, նրա խոսքով, վերաբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ հնչեցրած հայտարարություններին։
«Երեկ Նիկոլ Փաշինյանի ասած այն դրույթներին, որ անկլավ կոչվածները, իբր, ադրբեջանական տարածք են և մտնում են 86.600 քառ. կմ-ի մեջ: Անկլավների հետ կապված՝ շատ հստակ է ամեն ինչ, դրանք այժմ ՀՀ տարածք են: Դա ամրագրված է ՀՀ օրենքներով, և ՀՀ Սահմանադրությունը ուղղակիորեն սահմանում է, որ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի հանրաքվեի միջոցով: Դա մեր Սահմանադրության 205-րդ հոդվածն է: Այնպես որ, Փաշինյանի երեկվա այն պնդումները, թե անկլավներն ադրբեջական տարած են, իրականության հետ կապ չունեն։ Եթե Փաշինյանը փորձի այդ դավաճանական գործընթացն առաջ տանել, ապա պարտավոր է ՀՀ տարածքի փոփոխության խնդիրը դնել հանրաքվեի»,- ընդգծեց Վարդան Պողոսյանը։
Սահմանադրագետը նշեց նաև՝ երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության 205 հոդվածի առաջին մասի համաձայն, կառավարությունը պետք է համապատասխան առաջարկը ներկայացնի խորհրդարանին, իսկ այդ նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ խորհրդարանը պետք է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ հավանություն տա այդ առաջարկին:
«Եթե հավանություն չի տալիս այդ առաջարկին, ապա ՀՀ տարածքի որևէ, թեկուզ փոքր մաս հնարավոր չէ օտարել որևէ այլ պետության: Այնպես որ, առկա իրավիճակում երկու հնարավորություն կա հանրաքվե անցկացնելու»,- ամփոփեց Վարդան Պողոսյանը: