23/05/2023 13:10
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ (Hetq.am)
Հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի ինքնաթիռը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին 2022 թ. աշնանը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ, գրում է Hetq.am-ը։ Ռուսաստանցի հայ գործարարն անմիջական կապ չունի այս պատժամիջոցների հետ, սակայն նրան պատկանող օդանավը հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության թիրախում:
Կարապետյանի բորտը հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության (դեպարտամենտի) արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության (OFAC) «սեւ ցուցակում»: Ավելի կոնկրետ՝ այդ ցուցակում հայտնվել է մալթայական այն մասնավոր ավիաընկերությունը, որը շահագործում է բիզնես դասի օդանավեր: Խոսքը Մալթայի «Emperor Aviation» ընկերության մասին է, որը 2013 թ. հիմնադրել է վրացի Իրակլի Լիտանիշվիլին: Ընկերությունը գրասենյակներ ունի Մալթայի Բիրկիրկարա քաղաքում եւ Մոսկվայում:
Նկատենք, որ OFAC-ի «սեւ ցուցակում» ներառված ֆիզիկական ու իրավաբանական անձանց ամերիկյան բոլոր ակտիվները, եթե այդպիսիք կան, սառեցվում են, մյուս կողմից՝ ԱՄՆ քաղաքացիներին եւ կազմակերպություններին արգելվում է նրանց հետ որեւէ գործարք կնքել:
Ամերիկյան կողմի հակառուսական պատժամիջոցների տակ են հայտնվել թե՛ «Emperor Aviation»-ը, թե՛ դրա ավիապարկում գտնվող 8 շքեղ ինքնաթիռները, որոնք բոլորը գրանցված են Մալթայում՝ 4 հատ «Bombardier Global Express», 2 հատ «Gulfstream G650» եւ 1-ական «Cessna Citation XLS+» ու «Bombardier Challenger 650»:
Սրանցից «Gulfsream»-ներից մեկը հենց Ս. Կարապետյանին պատկանող օդանավն է, որը Մալթայի օդանավերի ռեգիստրում գրանցված է որպես 9H-SSK:
9H-ն Մալթայի ավիացիոն ազգային նիշն է, այսինքն՝ այդ երկրում գրանցված բոլոր օդանավերը կրում են հենց այս նիշը, իսկ SSK-ն կոնկրետ օդանավի գրանցման համարն է: Իրականում դա հայ գործարարի անուն-հայրանուն-ազգանվան սկզբնատառերի համադրությունն է՝ Սամվել Սարգսի Կարապետյան կամ Samvel Sargis(ovich) Karapetyan: Անվան սկզբնատառերի կիրառումը սեփական օդանավերի գրանցման համարներում տարածված պրակտիկա է մեծահարուստների շրջանում: Ինքը՝ «Emperor Aviation»-ը, իր ավիապարկի օդանավերի գրանցման համարներում կիրառում է տարբեր «գրավիչ» համադրություններ՝ VIP, CEO, LUX, BOY:
Մալթայական ավիաընկերության նման փոխադրողները մեծահարուստ սեփականատերերի օդանավերը շահագործում են ոչ միայն վերջիններիս կարիքների համար, այլեւ դրանցով, տերերի համաձայնությամբ, իրականացնում են չվերթեր տարբեր պատվիրատուների համար, ինչը եկամուտ է ապահովում թե՛ ավիաընկերությանը, թե՛ օդանավի տիրոջը:
Ինչպես ասվեց, Ս. Կարապետյանի օդանավը ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել շահագործող «Emperor Aviation»-ի «պատճառով»: Վերջինս իր հերթին ամերիկյան իշխանությունների թիրախում է հայտնվել, քանի որ կապ է ունեցել ՌԴ նախագահ Վ. Պուտինի մերձավորներից դաղստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովի ընտանիքի հետ:
Դեռ 2022-ի սեպտեմբերին OFAC-ը «սեւ ցուցակ» էր գցել Ս. Քերիմովին՝ ՌԴ իշխանությունների հետ ունեցած սերտ կապերի հիմքով: Ընդ որում՝ 2018-ին եւս ռուսաստանցի միլիարդատերը հայտնվել էր այդ ցուցակում: 2022-ի նոյեմբերին «հերթը հասել էր» Քերիմովի ընտանիքի չափահաս անդամներին. կնոջը՝ Ֆիրուզային, դուստրերին՝ Գյուլնարային ու Ամինային, ինչպես նաեւ որդուն՝ Սաիդին: Վերջինիս դեմ պատժամիջոցներ են կիրառել նաեւ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան ու Շվեյցարիան:
Բացի դրանից՝ OFAC-ի «սեւ ցուցակում» են հայտնվել Գյուլնարա Քերիմովայի ֆրանսիական 4 ընկերությունները, դրանց շվեյցարացի ղեկավարն ու վերջինիս շվեյցարական ընկերությունը: Ցանկը, սակայն, այսքանով չի սահմանափակվում. Քերիմովներին առնչվող այլ անձինք ու ընկերություններ եւս հայտնվել են ամերիկյան ցուցակում:
Դրանցից մեկը «Emperor Aviation»-ն է՝ իր 8 օդանավերով: 2022 թ. նոյեմբերի 14-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Մալթայում ու Ռուսաստանում գրասենյակներ ունեցող այս ընկերությունը շքեղ ճամփորդություններ է իրականացրել Սուլեյման Քերիմովի ընտանիքի անդամների, այդ թվում՝ Գյուլնարայի համար նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022-ի փետրվարի 24-ին ներխուժել է Ուկրաինա:
Ամերիկյան կողմը չի հայտնել, թե կոնկրետ որ ինքնաթիռներն են ծառայություններ մատուցել Քերիմովներին, սակայն նշել է, որ «Emperor Aviation»-ը հայտնվել է «սեւ ցուցակում», քանի որ գործունեություն է ծավալել Ռուսաստանի տնտեսության ավիացիոն սեգմենտում, ինչպես նաեւ նյութապես աջակցել, հովանավորել կամ ֆինանսական, նյութական կամ տեխնոլոգիական աջակցություն է ցույց տվել կամ էլ ծառայություններ մատուցել Գյուլնարա Քերիմովային:
Ինչպես վերեւում ասվեց, ամերիկյան իշխանություններն արգելում են ԱՄՆ քաղաքացիներին եւ կազմակերպություններին որեւէ գործարք կնքել OFAC-ի «սեւ ցուցակում» ներառված ընկերությունների եւ անձանց հետ: Սակայն նույն OFAC-ը 2022-ի նոյեմբերի 14-ին թողարկել է ընդհանուր լիցենզիա (General License (GL) 40C), որը սահմանափակ բացառություններ է անում «սեւ ցուցակում» ներառված մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Emperor Aviation»-ի համար: Ըստ այդմ՝ «Emperor Aviation»-ն իրավունք ունի ամերիկյան կողմից ձեռք բերել որոշակի ապրանքներ, տեխնոլոգիաներ կամ ծառայություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական ավիացիայում անվտանգությունն ապահովելու համար: Այս պարագայում, սակայն, պայմանն այն է, որ օդանավերը պետք է գրանցված լինեն բացառապես Ռուսաստանի սահմաններից դուրս, իսկ ապրանքներն ու տեխնոլոգիաները արտահանվեն, վերաարտահանվեն, ծառայություններն էլ մատուցվեն միայն քաղավիացիայի կարիքների համար:
Ch-aviation.com մասնագիտական կայքը նկատել է, որ սա «Emperor Aviation»-ին թույլ կտա իր 8 օդանավերը պահել թռիչքների համար պիտանի վիճակում այնքան ժամանակ, քանի դեռ փոխադրողի գործարքները չեն ներառի պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ֆինանսական ծառայությունները կամ անձանց: Նույն կայքի փոխանցմամբ՝ OFAC-ի լիցենզիայով նախատեսված բացառությունները տարածվում են նաեւ ռուսական ինքնաթիռաշինական ընկերությունների եւ լիզինգատուների, բայց ոչ ավիափոխադրողների վրա:
Նշենք, որ մալթայական օպերատորի ավիապարկում առկա «Bombardier»-ները կանադական օդանավեր են, իսկ «Gulfstream»-ներն ու «Cessna»-ն՝ ամերիկյան: Սա նշանակում է, որ եթե չլինեին բացառություններ, ապա պատժամիջոցների տակ հայտնված «Emperor Aviation»-ի օդանավերը, զրկվելով պատշաճ տեխսպասարկումից, թռիչքների համար առժամանակ անպիտան կդառնային: Այդուհանդերձ, համաձայն թռիչքներին առցանց հետեւող կայքերի, «Emperor Aviation»-ի 8 ինքնաթիռները 2022-ի նոյեմբերից հետո երկինք չեն բարձրացել:
Ս. Կարապետյանին պատկանող «Gulfstream G650»-ը (9H-SSK), ըստ այդ տեղեկատուների, վերջին անգամ 2022-ի օգոստոսի 29-ին Երեւանից թռել է գերմանական Հանովեր: Ընդ որում՝ օդանավը մինչ օրս գրանցված է Մալթայում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։