23/05/2023 15:01
Ինչու՞ մարդիկ այսքանից հետո չեն կանգնում հայրենիքին ամենաթանկը տված մարդկանց կողքին, չեն միանում մեր արդար պահանջին. Վահիդ Սահակյան
44-օրյա պատերազմում կորցրել եմ միակ որդուս, հայրենիքս՝ Հադրութը, տուն-տեղս, ես տարիներ շարունակ գյուղում եմ ապրել, արարել, հիմա Երևանում այս կյանքով ապրելը՝ այսքան ցավ ներսում ունենալով նույնն է, ինչ վայրի թռչունին պահեն վանդակում. հնարավոր չէ համակերպվել այսպիսի կյանքին, այս իրողություններին, Aysor.am-ի հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։
«Որդիս ծառայության էր զորակոչվել 2019 թվականին, շատ լավ էր ծառայում, արժանացել է բազմաթիվ գովասանագրերի է, 44-օրյա պատերազմին 27 օր պայքարել է Մարտակերտ-Մատաղիս հատվածում, հաշվի առնելով, որ Մարտունիում իրավիճակն ավելի ծանր է, հոկտեմբերի 23-ին տեղափոխվել է Մարտունի 2 զորամասի տարածք։ Որդիս զոհվել է հոկտեմբերի 30-ին։ Տղայիս մարմինն օրեր շարունակ չեմ կարողացել գտնել դիահերձարանում, միայն ԴՆԹ-ով հնարավոր եղավ նույնականացնել, գտնել մարմինը։ Դեկտեմբերի 16-ին որդուս հուղարկավորեցինք Եռաբլուրում. հիմա իմ տունն ու իմ հայրենիքը Եռաբլուրն է», - ասել է նա։
Վահիդ Սահակյանն ասում է՝ ապրելու մոտիվացիան նաև հայրենադավ իշխանության վախճանը տեսնելն է. «Հիմա իմ բախտակից ծնողների հետ պայքարում եմ այս անօրինական իշխանության դեմ. օր առաջ պետք է ազատվենք այս իշխանությունից, որի պատճառով ամեն օր մարդկային, տարածքային կորուստներ ենք ունենում. ի հակառակ մեր երկրի փոքրացման՝ մեծանում է Եռաբլուրը»։
Վահիդ Սահակյանի գնահատմամբ՝ հանրության աջակցությունը բավարար չէ։
«Կառավարության շենքի մոտ բողոքի ձայնն ենք բարձրացնում ապօրինաբար կալանավորված մեր բախտակից ծնող Գայանե Հակոբյանի համար, որևէ կուսակցության չենք հարում, որևէ պաշտոնի չենք հավակնում, ոտքի ենք ելել անարդարության դեմ պայքարելու համար, բոլորիս արժանապատվության համար, ինչու՞ այսքանից հետո հազարավոր մարդիկ չեն միանում, չեն կանգնում հայրենիքին ամենաթանկը տված մարդկանց կողքին, չեն միանում նրանց արդար պահանջին։ Մինչև Գայանեի կալանավորումն էլ հազար ու մի պատճառ կար իշխանության դեմ ընդվզելու, երկրի վարչապետի պաշտոնը ստանձնած մարդը թիվ մեկ ամբիոնից ինքնախոստովանական ցուցմունք հնչեցրեց՝ թե կարող էինք կանխել պատերազմը, զոհեր չունենալ, այս ցուցմունքը պետք է, որ հանրությանը մի մարդու պես ոտքի կանգնեցներ», - ասում է նա։
Վահիդ Սահակյանն ընդգծում է՝ «այս իշխանությունը 2018թ.-ին իշխանազավթմամբ եկավ իշխանության, այն ինչ անում են այս տարիներին, լեգիտիմ չէ՝ հրաժարվում են Արցախից, մեր տարիների նվիրական պայքարից, ՀՀ սուվերեն տարածքներից, մեր երկրում իրավական համակարգը կառավարում է մեկ մարդ և այդ մարդու անունն է Նիկոլ Փաշինյան և այդ մեկ մարդը բոլորիս է տանում կործանման»։