23/05/2023 10:12
«Հրապարակ». 1000 աշխատողներ կհամալրեն գործազուրկների բանակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել ենք, որ Սոթքի հանքի փակվելը բացասաբար է անդրադարձել նաև «Գեոպրոմայնինգ» ընկերությանը պատկանող Արարատի ոսկու արդյունահանման կոմբինատի վրա, որի 400 աշխատողների կեսից ավելիին պատրաստվում են ազատել աշխատանքից։ Մենք տեղեկացանք, որ աշխատակիցներին արդեն ծանուցել են, որ հունիսի 15-ից չեն աշխատելու։
Կոմբինատի աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ ղեկավարությունը պատճառաբանել է, թե արտադրական ծավալների անկում է եղել, և հայտնի չէ՝ ինչ է սպասվում առհասարակ կոմբինատին։ Քանի որ Սոթքի բաց հանքավայրը շուրջ երկու ամիս է՝ չի աշխատում, պրոցեսը շղթայական ռեակցիայով տարածվել է ընկերության մյուս կազմակերպությունների և սպասարկող ծառայությունների ու մատակարարների վրա։ Սա նշանակում է, որ բացի Սոթքի մոտ 800 աշխատողից, 200-ից ավելի աշխատող էլ Արարատում կհամալրի գործազուրկների բանակը»։