23/05/2023 17:14
Աննա Հակոբյանը թող լինի հերոսածին, ես՝ ոչ, թող իրենց Աշոտիկը որպես հերոս շրջի այն քաղաքում, որտեղ հայրը հազարավոր տղաների է սպանել. Ալիսա Գևորգյան
Այս իշխանությունն ամեն ինչ արժեզրկում է, ամեն ինչ անում են, որ մեր հանրությունը դեռ երկար չկարողանա ապաքինվել, հանրության իմունիտետը թուլացնելու համար է նաև զոհված զինվորների ծնողների դեմ իրականացվող արշավը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը։
«Վարչապետ համարվողը հիմա էլ հարցադրում է անում՝ իսկ ինչո՞ւ իր կինն էլ չի կարող համարվել հերոսածին մայր։ Ես՝ 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրս, հերոսածին բառը չեմ սիրում, ես հերոս չեմ լույս աշխարհ բերել, ես Դավիթին եմ կյանք տվել, որդուս ծնունդն ինձ համար հրաշք է եղել, իր ծննդով Աստծո գաղափարն անբեկանելի դարձավ, որովհետև այդ տեսակ հրաշք միայն Աստված կարող էր գործել։ Դավիթն Արիության մեդալ է ստացել, մեդալն Արցախից անձամբ բերել է որդուս հրամանատարը, որպեսզի պատմի Դավիթի սխրանքների մասին։ Երբ հրամանատարին ասացի՝ մեդալ բերել եք, որ ցավս մեղմեք՝ վիրավորվեց, ասաց՝ Դավիթն արժանացել է այդ մեդալին»։
Ալիսա Գևորգյանն ընդգծում է՝ խուսափում է որդու անվան կողքին հերոս բառը դնելուց։
«Արիության մեդալ որդուս տրվել է խիզախ կռվելու համար, բայց ես ասում եմ, որ 19 տարեկան տղան այդպես կարող է կռվել նաև վախից, ինձ համար նույնիսկ հերոսություն չէ, որ որդիս երբևէ չի խուսափել ծառայությունից, ասում էին՝ տան միակ զավակն ես, եթե հնարավոր է, մի գնա, ասում էր՝ ես որ չգնամ, ո՞վ պիտի իմ փոխարեն ծառայի։ Ինձ համար կարևոր է որդուս պահվածքի այս դրվագը՝ երբ շրջափակումից դուրս են գալիս, երկու մեքենա է լինում՝ սարքին և անսարք, Դավիթն ընտրում է անսարք մեքենան՝ շատ լավ իմանալով, որ կարող է դրանով այդպես էլ տեղ չհասնել, ասում է՝ ես ոտքի վրա եմ, վիրավոր ընկերներիս հետ կգնամ, որ իրենց օգնեմ, մենակ չի թողնում այդ տղաներին։ Դավիթի այդ քայլը շատ ավելի կարևոր է ինձ համար. որդիս իր այդ ընտրությամբ ապացուցել է, որ կարգին տղա է, բարոյականություն ունի, ինչից զուրկ է Փաշինյանի որդին՝ Աշոտիկը»։
Ալիսա Գևորգյանի գնահատմամբ՝ Փաշինյան ընտանիքը շահարկում էր նաև իրենց որդու՝ Արցախում ծառայելը։ «Բոլորս հիշում ենք՝ ինչպես մեր վճարած հարկերի հաշվին ուղղաթիռով այցելում էին Աշոտիկին, խնջույքների մասնակցում, ինչպես նաև շատ լավ հիշում ենք պատերազմի օրերից լուսանկարներ, որտեղ իբրև թե պատերազմին մասնակցող Աշոտիկը մոր հետ բունկերում էր։ Այդքանով հանդերձ, եթե այդ ընտանիքն ուզում է Աննա Հակոբյանին ընկալել հերոսածին, թող ընկալեն, Աննան հերոսածին է, ես՝ ոչ։ Որդիս Արիության մեդալի է արժանացել, ես իմ որդուն հերոս չեմ համարում։ Նիկո՛լ, ես քեզ հերոս չեմ տվել, ես իմ Դավիթին եմ տվել, որին սպանել ես։ Թող իրենց Աշոտիկը հերոս լինի և եթե կարող է թող որպես հերոս շրջի այն քաղաքում, որտեղ իր հայրը հազարավոր տղաների է սպանել ու չի պատժվել»։