23/05/2023 20:10
«Տապանի մոտ՝ ժամը ութին». Բեմում էր Նիկոլայ Ծատուրյանի «սկանդալային» կուրսը
Երեկ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական 3-րդ կուրսի ուսանողները ներկայացրին Ուլրիխ Հուբի «Տապանի մոտ՝ ժամը ութին» ստեղծագործությունը։
Կուրսի ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, բեմադրության հեղինակը՝ թատրոնի ռեժիսոր, դերասան Կարո Բալյանը։
Aysor.am-ի հետ զրույցում Կարո Բալյանը նշեց, որ տարվել է երկար և դժվարին աշխատանք, իսկ արդյունքի մասին պետք է խոսի հանդիսատեսը՝ ներկայացումը դիտելուց հետո.
«Մենք այս ներկայացումը սկսել ենք դեռևս անցած տարի, ինչ-որ հատվածներ ենք արել, ներկա են գտնվել հանձնաժողովի անդամները՝ ի դեմս ամբիոնի վարիչ Ժիրայր Դադասյանի։ Սա Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցի կուրսային աշխատանքն է, որն, ըստ երևույթին, պետք է դառնա դիպլոմային, եթե ամեն ինչ լավ ստացվի»,-ասաց Բալյանը։
Բեմադրության հեղինակի խոսքով՝ ներկայացումն ավելի թեթև է, դերասաններին և հանդիսատեսին հնարավորություն է տալիս «խենթանալ»։ Ներկայացման հիմնական ասելիքից հետևությունները Կարո Բալյանը թողեց հանդիսատեսի դատին։
«Ես սովորաբար չեմ խոսում ոչ մի ներկայացման մասին, այլ ցույց եմ տալիս ։ Հանդիսատեսը պետք է նայի և ինքն ասի, թե որն էր հիմնական մեսիջը. ներկայացման մասին պատմել՝ կնշանակի պարզապես բեմից դասախոսություն կարդալ»,-ասաց նա։
Անդրադառնալով կատարված աշխատանքի ծավալին և դժվարություններին՝ Կարո Բալյանը շնորհակալություն հայտնեց ուսանողական թատրոնի ողջ անձնակազմին՝ նշելով՝ հեշտ աշխատանք չի լինում և առանց դժվարության ոչինչ չի տրվում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։