23/05/2023 09:39
«Հրապարակ». Ինչ են զրուցել Վոլոդինն ու Ալեն Սիմենյանը ինքնաթիռում
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանությունում շարունակում են հակառուսական գիծն անշեղորեն առաջ մղել և խոսում են ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, այդուհանդերձ, ռուս բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են ջերմ վերաբերմունքի արժանացնել Հայաստանի իրենց գործընկերներին։ Նախորդ շաբաթ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերին։ Տեղեկացանք, որ Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Սիմոնյանը գործուղման մեկնել է վերջինիս բորտով, այլ ոչ թե հայաստանյան պատվիրակության հետ։ Վոլոդինը հրավիրել է Սիմոնյանին Մոսկվա, որ միասին թռչեն Մինսկ, նույն ճանապարհով էլ ԱԺ նախագահը վերադարձել է Երևան, իսկ հայաստանյան պատվիրակները նրանից մեկ օր հետո են վերադարձել։
Մեր տեղեկություններով, ինքնաթիռում գործընկերները ոչ պաշտոնական զրույց են ունեցել հայ-ռուսական փոխհարաբերությունների մասին։ Եվ Վոլոդինը փորձել է ինչ-որ բաներ բացատրել իրենց՝ Հարավային Կովկասում վարած քաղաքականության հետ կապված։ ՔՊ-ում կարծում են, որ ռուսները գիտակցում են իրենց անգործության հետևանքները, սակայն չեն կարողանում փոխել իրավիճակը»։