23/05/2023 11:58
Արցախում և Հայաստանում պետք է սկսվեն բողոքի ակցիաներն ու ցույցերը. Իշխան Սաղաթելյան
Մենք քաղաքական այն ուժն ենք, որ հայտարարություններից բացի՝ վերջին 3 տարիների ընթացքում շատ կոնկրետ քայլեր ու գործողություններ արել է: Հիմա էլ հայտարարում եմ, որ այս իրավիճակի հետ մենք չենք համակերպվելու, չենք հանձնվելու, պայքարելու ենք մինչև վերջին շունչը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը:
«Բոլոր այն խոսակցությունները, որ ընդդիությունը հեռացել է իր օրակարգից, դադարեցրել է պայքարը՝ այդպես չէ: Անցած տարի այս օրերին ինչ արել ենք, կանխել, հետաձգել է գործընթացը: Եթե անցած տարի այն, ինչ արել ենք արած չլինեինք, այս գործընթացն այլևս ավարտված կլիներ: Հիմա մեր խնդիրն է նոր թափով, նոր ուժով Հայաստանում, Արցախում, սփյուռքում ձևավորել համաժողովրդական դիմադրություն, ՀՀ քաղաքացիներին պատրաստել լայն համաժողովրդական անհնազանդության, դուրս գալ և կանխել այս իրավիճակը», - նշեց նա՝ շեշտելով, որ ընդդիմության գլխավոր խնդիրը շարունակում է դա մնալ:
Նա նաև ավելացրեց, որ «Դաշնակցությունն» ունի իր պատկերացումները և՛ փողոցային պայքարի, և՛ առաջիկա անելիքների մասով.«Մեր առաջարկները կքննարկենք մեր գործընկերների հետ: Հստակ է, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, հստակ է նաև նրա ժամանակացույցը: Ընդդիմությունը ևս պետք է հստակ ձևավորի իր քայլերն ու գործողությունները և պայքարը շարունակի: Կարծում եմ՝ մինչ այդ ՀՀ-ում և Արցախում պետք է լինեն բողոքի ակցիաներ, ցույցեր, դժգոհության ու դիմադրության օջախներ՝ առնվազն հիմա ցույց տալու համար, որ Փաշինյանը լեգիտիմ չէ, նրա ստորագրածը առոչինչ է: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող և ժողովրդի կողմից չունի մանդատ՝ հանձնելու Արցախն ու Հայաստանը: Ակնհայտ է, որ խոսքը միայն Արցախի մասին չէ, այն, ինչի մասին նա խոսում է, դրանից հետո Հայաստանի պետականության գոյությունը լրջորեն դրված է լինելու հարցականի տակ»: