23/05/2023 10:16
«Ժողովուրդ». Կամո Ցուցուլյանը չի՞ կարողանում կտրվել ոստիկանության համակարգից և զբաղվել փրկարար ծառայության գործերով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 21-ին, երբ Շենգավիթի դատարանի բակում բողոքի ակցիա էր ընթանում, ՀՀ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այնտեղ էր: Նա եկել էր՝ փրկե՞ր ոստիկանության համակարգի իր նախկին գործընկերներին, թե՞ չի կարողանում կտրվել ոստիկանության համակարգից և զբաղվել փրկարար ծառայության գործերով: Հարցն, իհարկե, պարզել չկարողացանք, բայց այն կա ու մնում է արդիական:
Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին Շենգավիթի դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը որոշեց 1-ամսյա կալանքի տանել Աշոտ Փաշինյանի միջադեպի գործով անցնող՝ 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, որից հետո դատարանի մոտ կրքերը թեժացան, և զոհված զինծառայողների ծնողները փակեցին ճանապարհը:
Ողջ ոստիկանական համակարգը լցվել էր դատարանի մոտ` ՀՀ ոստիկանապետի գլխավորությամբ, ու ուշագրավն այն է, որ իջևանցի Ցուցուլյանը ևս եկել էր հավաքին՝ մոռանալով, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալը չէ այլևս, այլ ՆԳՆ նախարարի տեղակալն է՝ փրկարար ծառայության գծով»։