24/05/2023 23:15
Աչքերի շուրջ մաշկի խնամքի հիմնական կանոնները. Մասնագետի խորհուրդը
Դեմքի ամենանուրբ և զգայուն հատվածը աչքերի շուրջ է: Այն նաև ամենաարտահայտիչ հատվածն է դիմահարդարման մեջ. որքան էլ քիչ օգտագործվի դեկորատիվ կոսմետիկա, միևնույն է, այն լինելու է կոպերի շրջանում:
Աչքերի շուրջ խնամքի կարևորության և հաջորդական քայլերի մասին Aysor.am-ը զրուցել է կոսմետոլոգ Լուսինե Համբարյանի հետ։
Մասնագետի խոսքով, քանի որ դիմահարդարման միջոցներն ամբողջ օրն «ապրում են» կոպերի վրա, կարևոր է, որ այս հատվածի մաշկը օրվա ընթացքում խնամվի, արտաքին միջավայրի ազդեցությունը հաղթահարելու համար հանգստանալու և վերականգնվելու ուժ ունենա։
«Աչքերի շուրջ հատվածի խնամքը կարևոր է, այն անտեսելու դեպքում ավելի դժվար կլինի շտկել էսթետիկ թերությունները և տարիքային փոփոխությունները։ Ուստի պետք է խնամել կոպերի մաշկը հենց այսօր՝ անկախ տարվա եղանակից ու տարիքից»,-ասաց կոսմետոլոգը։
Չորությունը, կնճիռներն ու աչքերի շուրջ մուգ շրջանակները առանց այն էլ ջրազրկված մաշկի և խոնավության պակասի առաջին նշաններն են։ Կարևոր է ժամանակին խոնավացնել այս հատվածը հատուկ միջոցներով՝ գելեր, խտանյութեր և շիճուկներ։ Լուսինե Համբարյանի խոսքով՝ սրանք առաջնային անփոխարինելի միջոցներն են, որոնք պետք է պարբերաբար կիրառել՝ առավոտյան և երեկոյան։
Մասնագետը խորհուրդ տվեց խնամքի միջոցներին ապավինելուց բացի, կարգավորել առօրյա ռեժիմը, բավականաչափ ժամանակ տրամադրել հանգստին, քնել 8 ժամից ոչ պակաս, խուսափել սթրեսներից։
«Ապացուցված է, որ երիտասարդ, առողջ մաշկի և դեմքի հանդարտ արտահայտության վրա դրական են ազդում լավ տրամադրությունը և երջանկության զգացումը, որը մենք կարող ենք ստեղծել՝ հոգ տանելով մեր մասին: Քանի որ տարիքային փոփոխությունները կոպերի հատվածում ավելի շուտ են ի հայտ գալիս, քան դեմքի այլ հատվածներում, կարելի է օգտագործել երկրորդ անփոխարինելի միջոցը՝ կոսմետիկ դիմակները, որոնք նույնպես կբերեն ցանկալի արդյունք»,-ասաց նա:
Կոսմետոլոգը խորհուրդ տվեց աչքերի շուրջն ընկած հատվածի խնամքի համար միջոցներ ընտրելիս խուսափել օգտագործել դեմքի համար նախատեսված քսուքներ՝ ընդգծելով՝ դա առանձին հատված է։
«Նման միջոցները նախատեսված չեն կոպերի չափազանց բարակ և զգայուն մաշկի համար։ Դրանք լիարժեք չեն «հոգում» այդ հատվածի մաշկի կարիքները, չեն կարողանում լրացնել խոնավության պակասը և հաղթահարել անընդհատ ձգվածության զգացումը կամ, ընդհակառակը, չափազանց ծանր են»,- ամփոփեց մասնագետը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։