24/05/2023 16:42
Գրքի երևանյան փառատոնն այս տարի միջազգային է
Ավանդական դարձած գրքի երևանյան ամենամյա փառատոնն այս տարի կմեկնարկի մայիսի 25-ին՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, և կտևի մինչև մայիսի 27-ը։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս այն կանցկացվի գրողների, գրականագետների, հրատարակիչների և հրատարակչությունների և, իհարկե, ընթերցասեր հասարակության մասնակցությամբ։
Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ։
ԿԳՄՍ նախարարության Գրականության բաժնի ղեկավար, փառատոնի կազմակերպիչ Արմեն Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում, խոսելով փառատոնի ընդգրկման սահմանների և կատարված աշխատանքի մասին, նշեց.
«Այս տարի առաջին անգամ փառատոնն ունի միջազգային համարում։ Բացի այն հանգամանքը, որ փառատոնին գրողներ են հրավիրված վեցից ավելի երկրներից՝ Իտալիա, Հունաստան, Գերմանիա և այլն, այս տարի Գրքի երևանյան փառատոնը պայմանագիր է կնքել ՎԵՐՍՈՊՈԼԻՍԻ հետ, որը պոեզիայի ամենամեծ հարթակն է աշխարհում։
ՎԵՐՍՈՊՈԼԻՍԸ ֆինանսավորվում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կողմից, և Գրքի երևանյան փառատոնը կունենա հնարավորություն Հայաստան հրավիրելու ՎԵՐՍՈՊՈԼԻՍԻ անդամ պոետների, ինչու չէ, նաև մեծ հնարավորություններ կբացվեն հետագայում Գրքի երևանյան փառատոնում «Պոեզիա» անվանակարգում հաղթած գրողների համար»,- ասաց կազմակերպիչը։
Արմեն Սարգսյանի խոսքով, փառատոնի շրջանակում նախատեսված է փոքր դահլիճներում իրականացնել մոտ քսանհինգ միջոցառում՝ բանախոսություններ, քննարկումներ, գրքի շնորհանդեսներ, պանելային զրույցներ և այլն։
Բացի կազմակերպվող միջոցառումներից, հանրությունը հնարավորություն կունենա ձեռք բերել գրքերը արդեն ավանդական դարձած գրքի տոնավաճառից, որին այս տարի մասնակցում են ավելի քան 40 հրատարակչություններ և մշակութային հաստատություններ։
Ներկայացվող գրքերը ընթերցասերները կարող են ձեռք բերել զեղչված արժեքներով, ծանոթանալ նաև հեղինակների հետ և հնարավորություն ունենալ ուղղել իրենց հարցերը։
Վերադառնալով միջազգային գրական համագործակցությանը, Արմեն Սարգսյանը նշեց, որ այն շատ արդյունավետ կարող լինել մեր գրողների համար.
«Հենց հիմա նման նախագծեր ենք քննարկում ՎԵՐՍՈՊՈԼԻՍ հարթակի հետ, որ մեր գրողները, մասնավորապես պոետները կարողանան գնալ, մասնակցել միջազգային այլ փառատոների, ծանոթանալ այդ երկրների գրականության հետ։ Որոշ գրողներ ներգրավված են նաև Գրքի երևանյան փառատոնի շրջանակում արտերկրի գրողների հետ նախատեսված հանդիպումներում»։
Գրքի երևանյան փառատոնի շարունակվելու և զարգանալու միտումները դրական են ազդում գրական համայնքի ներկայացուցիչների և ընթերցողների վրա։
Արմեն Սարգսյանի տվյալներով, նախորդ տարի փառատոնին մասնակցել է մոտ 15 հազար այցելու և վաճառվել 10 հազար գիրք։ Վերջինիս խոսքով, դա շատ նշանակալի ցուցանիշ է հայաստանյան իրականությունում։
Նշենք, որ գրքի երևանյան 6-րդ փառատոնի բաղկացուցիչ մասն է նաև գրական մրցույթը, որն ավանդաբար տեղի կունենա փառատոնի վերջին օրը՝ փակման արարողության ժամանակ։
Այս տարի ևս բավական թվով հայտեր են ներկայացել մրցույթին մասնակցելու համար.
«Արձակ անվանակարգում ունեցել ենք 43 հայտ, պոեզիայում՝ 48 հայտ, մանկապատանեկան գրականությունում՝ 17 հայտ և դրամատուրգիայում՝ 10 հայտ։ Այդ օրը կիմանանք հաղթողների անունները, որոնք կստանան 600 հազար դրամ, որը կարող են ծախսել իրենց գրական կարիերան զարգացնելու համար»,-ասաց Արմեն Սարգսյանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։