24/05/2023 16:47
Հայաստանում ամերիկյան մոդուլային միջուկային ռեակտորների կառուցումն ավելի շատ մամուլային փիառ է. Արմեն Մանվելյան
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։
Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն Aysor.am-ի հետ զրուցում դա քիչ հավանական համարեց:
«Այդ մոդուլային միջուկային ռեակտորների կառուցումը նոր տեխնոլոգիա է, որը փորձարկված չէ: Այդ ատոմակայանների հզորությունը սկսում է 50-10 ՄԳՎ հզորությամբ: Դրանք չեն կարող փոխանակել մեծ հզոր ռեակտորներին, որը մենք ունենք, օրինակ՝ Մեծամորի ատոմակայանը: Դրանք ատոմային կայաններ չեն, ընդամենը մոդուլային կայաններ են, որոնք մի քանի տարի աշխատում են, հետո դուրս են գալիս: Թե ինչքանով են դրանք էֆեկտիվ, սա մի հարց է, որի պատասխանը դեռ ոչ ոք չունի, քանի որ նոր է սկսվել գործածվել: Ռուսները դա հիմա ղազախների հետ են անում, եվրոպացիներն էլ են փորձում անեն: Մի փոքր կասկածելի տնտեսական էֆեկտ ունեցող սխեմա է: Գոնե, լայնամասշտաբային, չգիտեմ մի երկիր, որը փորձարկած լինի ու հաջողություն գրանցած լինի», - ասաց Մանվելյանը:
Նա նաև ավելացրեց, որ ռուսական ռեակտորների միջազգային գինը 5 մլրդ դոլար է, իսկ ամերիկյանը, եվրոպականը մի քանի անգամ ավելի թանկ, սակայն այդ 5 մլրդ-ն էլ է մեզ համար մեծ թիվ.
«Սկզբունքորեն ռուսները պատրաստ են մեզ ինչ-որ զեղչեր անել, բայց միևնույն է դրանից բան չի փոխվելու և դրա տակից մեր իշխանությունները չեն կարողանալու դուրս գալ: Սա շատ բարդ թեմա է և միանշանակ պատասխան չունի: Ռուսները մեզ Մեծամորի հարստացված ուրանը տալիս են միջազգայինից ցածր գներով: Ինչպես հիմա միջազգային գներից բավականին էժան գազ ենք ստանում, այնպես էլ հարստացված ուրանը: Սա հնարավորություն է տալիս մեր տնտեսությունը պահելու: Եթե ռուսական կողմը գազի ու ուրանի գները բարձրացնի, թեկուզ հասցնեն այսօրվա դրության միջազգային գների, ապա մեր ամբողջ տնտեսությունն ուղղակի կանգ կառնի: Շատ կասկածանքով եմ վերաբերվում նման հայտարարություններին և նրան, որ ՀՀ-ն կարող է նման բանի հետ համաձայնի: Կարծում եմ՝ դա ավելի շատ մամուլային փիառի բնագավառից է, քան լուրջ քննարկումներ»: