24/05/2023 19:41
Այլևս նահանջելու տեղ չունենք․ կամ կդառնանք անցյալի անհուշ գիրկը նետված հավաքականություն, կամ ևս մեկ անգամ արժանապատիվ պատմություն կերտող ազգ․ Հայտարարություն
1980 թվականին ձևավորված և Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ) քաղաքական ուղուն համակիր «Հայկական ժողովրդային շարժումը»-ը հայտարարություն է տարածել․
«Նա, ով Հայրենի Արցախը, որի բազմահազար բնակչությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, հանձնում է թշնամամու յաթաղանի քմահաճույքին, պետք է գամվի անարգանքի սյունին:
Նրան, ով հրաժարվում է հազարավոր հայորդիների արյամբ ազատագրված պապենական հողից, պետք է խարանել դավաճանի պիտակով:
Նա, ով ուրանում է Արարատը, պետք է նետվի պատմության աղբանոցը:
Նա, ով նահանջում, պարտվողական ու անձնատուր տրամադրություններ է սերմանում Հայոց մեջ, պետք է քշվի Հայրենիքի պետական կառավարման բեմից։
Նա, ով ազգի առջեւ ծառացած սպառնալիքների եւ մարտահրավերների առաջ չի համախմբում ազգի ներուժը, այլ գիտակցաբար տրոհում ու փոշիացնում է այն, պետք է ուղարկվի քաղաքական աքսոր:
Խորապես համոզված ենք, որ ազգի համընդհանուր ներուժի գերլարումով՝ կարելի է արդյունավետ դիմագրավել բոլոր մարտահրավերներին եւ հաղթահարել սպառնալիքները։
Միայն պետք է հասարակության հետ լինել ազնիվ ու անկեղծ, պետք է ճակատը բաց ընդունել անցյալի բոլոր սխալները, բացթողումները եւ հանցանքները, հրաժարվել տիտղոսամոլությունից եւ փառամոլությունից ու հանրությանը մատնացույց անել փրկության եւ վերականգնման իրապաշտական ուղին:
Հայ ազգ, մի արտոնիր, որ նահանջը առանց երգի, կերպարանափոխվի նահանջի՝ երգ ու պարով, կերուխումով, թմրամոլությամբ եւ հեշտամոլությամբ:
Մենք այլեւս նահանջելու տեղ չունենք: Մենք կամ կդառնանք անցյալի անհուշ գիրկը նետված հավաքականություն, կամ եւս մեկ անգամ արժանապատիվ պատմություն կերտող ազգ:
Վստահ ենք, որ ազգը պիտի ընտրի արժանապատիվ ապագա կերտելու ուղին:
24 մայիս 2023
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ
Կենտրոնական Խորհուրդ (Վերակազմյալ)»։