24/05/2023 17:05
Կատալոնիայի Շուշին. Մոնսերատ՝ ուխտավորների, արվեստասերների ու լեռնագնացների սիրելի վայրը
Մոնսերատ վանական համալիրը Կատալոնիայի այցեքարտերից է՝ միլիոնավոր զբոսաշրջիկների, ուխտավորների նախընտրելի վայրերից, կաթոլիկների ուխտագնացության կենտրոններից։ Վանական համալիրն արժեքավոր է ոչ միայն հոգևոր նշանակությամբ, այլ նաև տեղանքի բնությամբ՝ բարձրադիր լեռներն ու խիտ կանաչը հմայում են այցելուներին։
Հայտնվելով Մոնսերատում՝ բարձունքից զննելով ոլորապտույտ լեռները, մի պահ անգամ թվում է՝ ոչ թե Իսպանիայում ես, այլ Շուշիիում և որ բարձրից բացվում է Հունոտի կիրճի տեսարանը։ Ասում են՝ իսպանացի հանրահայտ օպերային երգչուհին՝ Մոնսերատ Կաբալյեն, Շուշի այցելելով նույնպես նկատել է Մոնսերատի ու Շուշիի ընդգծված նմանությունը։ Պարզապես, եթե միլիոնավոր զբոսաշրջիկների համար Մոնսերատը երազանքների վայր է (վանական համալիրը տարեկան երկու միլիոն զբոսաշրջիկ է հյուրընկալում ), մեր հայրենիքը՝ Շուշին հռչակվեց դժբախտ-դժգույն ու զրկվեց քրիստոնյաներիս հոգատարությունից։
Մոնսերատում իսպանացի երկու ուխտավորներ, որ խնդրեցին լուսանկարել իրենց, հարցրին՝ որտեղից եմ, Հայաստանից պատասխանին հաջորդեց իսպանացիների լռությունը։ Ոչինչ չգիտեին Հայաստանի մասին, միայն իմ ճշգրտող հարցին՝ Հայոց ցեղասպանության մասին էլ չե՞ն լսել, գլխով համաձայնության նշան տվեցին, մինչդեռ գուցե թե փոքր ազգի ներկայացուցչի բարդույթով հույս ունեի իրենց պատմել մեր Շուշիի ու իրենց Մոնսերատի նմանության մասին։
Ինչպես Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, Մոնսերատ վանական համալիրը նունպես զերծ չի մնացել պատերազմներից, ավերածություններից։ 1811-1812 թվականներին վանական համալիրն ավերվել է Նապոլեոնի զորքի կողմից, Մոնսերատը անձեռնմխելի չի մնացել նաև Իսպանիայում քաղաքացիական պատերազմի օրերին (1936-1939թթ.)։
Միլիոնավոր ուխտավորներ վանական համալիր գալիս են հատկապես Սև Տիրամոր արձանը տեսնելու համար։ Վանական համալիրի եկեղեցին կառուցվել է 16-րդ դարում, հենց աստեղ էլ պահվում է Սև Տիրամոը արձանը։
Եկեղեցում ամեն օր ժամը 13։00-ին կարելի է լսել Մոնսերատի երգչախմբի կատարումները (բացառությամբ սուրբծննդյան արձակուրդին, հուլիս ամսին, նաև ֆեստիվալային օրերի): Զբոսաշրջիկները կարող են այցելել նաև համալիրի տարածքի թանգարան, որտեղ ցուցադրված են աշխարհահռչակ նկարիչների կտավներ, նաև հնագիտական նմուշներ։
Բարսելոնայից 45 կիլոմետր հյուսիս-արևմուտք Մոնսերատ վանական համալիր կարելի է հասնել գնացքով, մեքենայով, ավտոբուսով։ Զբոսաշրջիկների համար առավել նախընտրելի կարող է թվալ Բարսելոնա քաղաքից ավտոբուսներով կազմակերպվող այցերը։
Մենաստանից զբոսաշրջիկները կարող են ֆունիկուլյար գնացքով մոտենալ լեռների բարձրադիր գագաթներին։ Մոնսերատում ընդամենը մի քանի ժամ անցկացնելով զբոսաշրջիկը հնարավորություն ունի համադրելու ուխտավորի, արվեստասերի ու լեռնագնացի փորձառությունը։