24/05/2023 21:36
Պրադո՝ իսպանական գեղանկարչության տունը. պարտադիր այցելության վայր Մադրիդում
Աշխարհի խոշորագույն թանգարաննեից Պրադոն առաջին այցելուներին ընդունել է 1819 թվականի նոյեմբերի 10-ին։ Թանգարանում ներկայացվել են թագավորական հավաքածուներ, ապա թանգարանը համալրվել է նվիրաբերումներ։ Իսպանիայում քաղաքացիական պատերազմի տարիներին արվեստի գործերը պահվել են թանգարանի ստորին հարկում՝ հնարավոր ռմբակոծություններից պաշտպանելու համար, ապա Ազգերի լիգայի հորդորով նմուշները տեղափոխվել են Ժնև։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես կտավները վերադարձվել են Մադրիդ։
Թանգարանում ներկայացված են 8600 կտավ, 700 քանդակ։ Պրադոն տունն է Ֆրանսիսկո Գոյայի, Դիեգո Վելասկեզի, Բարտոլոմեո Մուրիլլոյի, Էլ Գրեկոյի ստեղծագործությունների ամբողջական հավաքածուների, այստեղ ներկայացված են նաև նիդեռնալնդական, ֆլամանդական դպրոցների վարպետների լավագույն գործերը, նաև իտալացի վարպետների՝ Պաոլո Վերոնեզեի, Սանդրո Բոտտիչելլիի, Անդրեա դել Սարտոյի գործերը։
Պրադոյի այցելուներին հասանելի է թանգարանի 17804 նմուշ։ Մեկ այցելությամբ բոլոր նմուշներին ըստ պատշաճի ծանոթանալ հնարավոր չէ, հետևաբար ցանկալի է նախապես ծանոթանալ թանգարանի պարտադիր տեսնելու նմուշներին։
Դիեգո Վելասկեզ՝ «Լաս Մենինաս» կտավն ամենափնտրվողներից է:
Ֆրանսիսկո Գոյա՝ «1808 թվական մայիսի 3»
Ֆրանսիսկո Գոյա՝ «Սատուրնը որդուն հոշոտելիս»
Փիթեր Փոլ Ռուբենս՝ «Սատուրնը որդուն հոշոտելիս»
Հատկանշական է, որ թանգարանի տարբեր սրահներում կարելի է հանդիպել դպրոցահասակ երեխաների՝ ուսուցիչների ուղեկցությամբ։
Ազգային թանգարանը Մադրիդի ամենազբոսաշրջային հատվածում է՝ Պրադո այգում։ Թանգարանի պաշտոնական կայքէջում կարելի է ծանոթանալ անվճար մուտքի պայմաններին, ինչպես նաև տեղեկանալ թանգարանի աշխատանքային օրերի և ժամերի, գնացուցակի մասին։