24/05/2023 21:51
Վերանորոգենք մեր Ուխտը Տիրոջ հետ, մեր քայլերն ուղղենք դեպի մեր փրկության տապանը՝ Հայ Առաքելական Եկեղեցին․ Երևանում Հոգեգալստյան տոնի նախօրյակին ուխտերթ կիրականացվի
Հոգեգալստյան տոնի նախօրյակին՝ մայիսի 27-ին (շաբաթ օրը) ժամը 11։00-ին դարձի ու ապաշխարհության խորհրդով Սուրբ Աննա եկեղեցու բակից մեկնարկելու է Ուխտերթ դեպի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Սրբազան Հայաստան նախաձեռնության խնդրանքին ընդառաջ, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հավատացյալների համար նույն օրը ժամը 12։00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Խաչափայտի Մասունքը և կկատարվի մասնավոր աղոթք՝ վասն խաղաղության Հայաստան և Արցախ մեր հայրենիքի և զորակցության հայրենյաց պաշտպանների:
Սրբազան Հայաստան նախաձեռնությունը կոչ է անում․
Սիրելի՛ Քրիստոնյաներ, եկեք այդ օրը վերանորոգենք մեր Ուխտը Տիրոջ հետ, միասին մեր քայլերն ուղղենք դեպի մեր փրկության տապանը՝ Հայ Առաքելական Եկեղեցին, հայտնապես վկայենք մեր հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս, միասիրտ, միախորհուրդ աղոթքով և միասնաբար հրաժարվենք չարից:
Հիշենք՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն ասում է. «Եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ» (Մատթ. 18:19-20)։
Սրբազան Հայաստան նախաձեռնությունը սիրով հրավիրում է բոլորին 2023թ. մայիսի 27-ին (շաբաթ օրը) ժամը 10:30-ին գալ Սուրբ Աննա Եկեղեցի (Երևան, Աբովյան փողոց)՝ Ուխտերթին մասնակցելու համար: