24/05/2023 22:43
«Արցախն ինքնորոշվել է 1991 թ․՝ համաձայն միջազգային իրավունքի դրույթների․ Շարունակում ենք աջակցել այս ազատ և անկախ Հանրապետությանը»․ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության Շրջանակը խորը մտահոգություն է հայտնել մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարության կապակցությամբ, ըստ որի Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քառակուսի կիլոմետր տարածքով, որում ներառված է նաև Արցախը։
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի տարածած հայտարարությունում նշված է․
«Որպես տեղի ունեցող գործընթացների ուշադիր դիտորդ՝ Շրջանակը գտնում է, որ այն պայմանները, որոնց արդյունքում արվել է շահագրգիռ կողմ հանդիսացող Արցախի ժողովրդի կամքն անտեսող այս հայտարարությունը, չեն կարող հանգեցնել որևէ ազատ որոշման, որը համաձայնեցված կլինի արդար և ընդունելի բանակցությունների շրջանակում։ Հետևաբար, այս հայտարարությունը առ ոչինչ է:
Շրջանակը միջազգային հանրությանը և, մասնավորապես, Ֆրանսիային կոչ է անում իրենց դերակատարումն ունենալ և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան ստեղծել պայմաններ հակամարտության երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև արդար և իրավահավասար բանակցությունների համար, այլ ոչ թե սատարել ապօրինի գործընթացին և բավարարվել դրանով։
Այս ակնկալիքով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ Արցախի Հանրապետությունն ինքնորոշվել է 1991 թվականին՝ համաձայն միջազգային իրավունքի դրույթների։ Հետևաբար, Շրջանակը շարունակում է աջակցել այս ազատ և անկախ Հանրապետությանը և կոչ է անում բոլոր ֆրանսիացի բոլոր ընտրված պաշտոնյաներին անել նույնը` ելնելով արդարության և ժողովրդավարության մեր արժեքներից»: