24/05/2023 18:52
ՀՀ սպառազինության մեջ ո՛չ իրանական, ո՛չ ֆրանսիական ԱԹՍ-ներ գոյություն չունեն. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունը, թե հայկական կողմը Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի ընթացքում կիրառել է իրանական ԱԹՍ-ներ:
«ՊՆ-ն հերքել է այս ապատեղեկատվությունը ու նշել, որ մեր սպառազինության մեջ նման զինատեսակ գոյություն չունի, բայց այս ապատեղեկատվությունը շարունակությունն է նաև հայտնի ՍՈՒ30-ների մասին ապատեղեկատվության, երբ նշվում էր, որ ՀՀ ԶՈՒ-ին պատկանող ինքնաթիռները տրվել են այլ երկրի», - Ազգային ժողովում այս մասին ասաց Պապիկյանը:
Նախարարն անդրադարձավ նաև ադրբեջանական մեկ այլ կեղծ տեղեկության, թե վերջին օրերի լարված իրավիճակներում հայկական կողմը կիրառել է ֆրանսիական ԱԹՍ-ներ:
Նա նշեց, թե ադրբեջանական կողմն այս հարցում ինքն իրեն հերքել է:
«Երբ մայիս ամսին տեղի ունեցան իրադարձություններ Սոթքում, առաջին իսկ օրը նախապատրաստական ապատեղեկատվությունն այնպիսին էր, որ հայկական կողմը շարունակում է օգտագործել իրանական ԱԹՍ-ներ, այնուհետև, իրենք իրենց իսկ հերքելով՝ հաջորդ օրը բոլորին ներկայացրեցին, որ իրենց տարածքոմ հայտնաբերվել են հայկական արտադրության ԱԹՍ-ների մնացորդներ, իսկ արդեն հաջորդ օրը ԱԹՍ-ները դարձան ֆրանսիական ու, իբր, դրանք օգտագործվում են ֆրանսիացի ինստրուկտորների միջոցով, բնականաբար, սա հերթական ապատեղեկատվությունն է: Այո, ես պաշտոնապես դա հերքում եմ»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը: