24/05/2023 17:33
Կան քննարկումներ, որտեղ ճկունության շատ մեծ տեղ կա. Փաշինյանը՝ անկլավների մասին
Չգիտեմ, բարեբախտաբար, թե դժբախտաբար, բայց ոչ մի բան դեռ որոշված չէ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով անկլավների թեմային՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անկլավների թեման քաղաքական մակարդակներում միշտ ու շատ վաղուց գոյություն է ունեցել։ Օրինակ 1999 թվականի տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ 4-րդ հոդվածը նվիրված է անկլավներին: Հիմա հարցը քաղաքական և իրավական կողմեր ունի: Հիմա քաղաքկան մակարդակում Մյունխենում, նաև Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցությունը, որ մենք փոխադարձաբար ճանաչում ենք անկլավների գոյությունը, այսինքն՝ կա Արծվաշեն, որը պատկանել է ՀՀ-ին և անկլավներ ՀՀ տարածքում, որոնք պատկանել են Ադրբեջանին:
Այո, քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք և ես ասել եմ, որ իրավական մակարդկում մենք լրացուցիչ հարցեր ունենք՝ առնվազն դրանցից մի քանիսի հետ կապված: Երբ մենք հայտարարել ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, հարց է առաջանում, բա անկլավնե՞րը: Լուծելու երկու տարբերակ կա. որը սահմանից այն կողմ է՝ մնում է այդ պետության տարածքում, որը սահմանից այս կողմ է՝ մնում է այս երկրի տարածքում: Այստեղ որևէ բան որոշված չէ: Կան քննարկումներ, որտեղ ճկունության շատ մեծ տեղ կա», - ասաց վարչապետը: