24/05/2023 10:48
«Կարևոր է, որ անձամբ ԲԴԽ նախագահը դա անի». Արսեն Թորոսյանը կոչ արեց Կարեն Անդրեասյանին գործուղումները կազմակերպել այնպես, որ չխանգարեն ԱԺ գալուն
Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:
Հարցն Ազգային ժողովին պետք է ներկայացներ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, նա, սակայն, չէր եկել ԱԺ։ Հարցը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանը:
ՔՊ-ական պատգմավոր Արսեն Թորոսյանի համար Անդրեասյանի՝ հաճախակի ԱԺ չգալը նորմալ չէ:
«Ուզում եմ հասկանալ՝ ինչու պարոն Անդրեասյանը չի ներկայացնում այս կարևոր հարցը, ոնց որ նման դեպք էլի է եղել, կարծում եմ՝ կարևոր է, որ անձամբ ինքը գա», - նշեց Թորոսյանը:
Վիգեն Քոչարյանն արձագանքեց, որ ԲԴԽ նախագահը երկրում չէ, գործուղման է:
Արսեն Թորոսյանն էլ հայտարարեց, թե պետք է անել հնարավոր ամեն բան, որ գործուղումները չհամընկնեն նման կարևոր հարցերի զեկուցման հետ:
«Կարևոր է, որ անձամբ ԲԴԽ նախագահը դա անի», - նշեց Թորոսյանը: