24/05/2023 11:48
Ամերիկյան միջուկային ռեակտորներ կառուցելու խոսակցությունները նպատակ ունեն թշնամացնել Հայաստանը Ռուսաստանի և Իրանի հետ. Քաղաքագետ
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն Aysor.am-ի հետ զրույցում ծիծաղելի համարեց նման խոսակցությունները: Նրա խոսքով՝ հասարակությանը հիմա այլ հարց պետք է հուզի, քան նման հարցերն են. «Կարծում եմ՝ Հայաստանի այսօրվա գործող խունտայի կողմից գաղտնի բանակցությունները այդ երկրների հետ հայ ժողովրդի մեջքի հետևից կատարվող դավադրական գործընթաց է, որի նպատակն իբր Հայաստանին անկախ դարձնելն է Ռուսաստանից: Բայց գործնականորեն Հայաստանը հայտնվել է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության տակ, և հայ ժողովրդի վերջնարդյունքը լինելու է այն, ինչ եղավ 100 տարի առաջ: Մնացած բոլոր դետալները, օրինակ, այդ ռեակտորները կառուցելը, կամ մեկ ուրիշը, ուղղակի ածանցյալ մանրուքներ են, որի մասին ես նույնիսկ լուրջ չեմ համարում խոսել: Նման վերացական, հեքիաթային գաղափարներին ուշադրություն դարձնել պետք չէ: Դրանք զուտ գաղափարներ են և հայտարարվում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա հասարակությանը հրամցնի կործանանար ու դավադիր ծրագիրը: Սա է խնդիրը»:
Նրա խոսքով՝ այն կախվածությունը, որ ՀՀ-ն ունի ՌԴ-ից և այն միջավայրը, որտեղ մենք նման տիպի քայլերի պիտի դիմենք, ստացվելու է, որ մենք փաստացի թշնամի ենք դառնալու Ռուսաստանի և Իրանի համար.
«Եթե այդ երկրների հետ թշնամի ենք դառնում, ապա պետք է բարեկամ լինենք Թուրքիային ու Ադրբեջանին: Արդեն դուք կարող եք գնահատել, թե մենք արդյոք կարող ենք բարեկամ լինել այդ երկու երկրներին, որոնց գլխավոր նպատակը Հայաստանը ոչնչացնելն է: Նույնիսկ խորհուրդ չեմ տա նման հարցեր բարձրացնել, դրանք այնքան անլուրջ են: Մենք այդ տեսակի հարցեր բարձրացնելով պարզապես տուրք ենք տալիս, որ խունտան իր օվերտոնի պատուհանը բացի: Այստեղ մի խնդիր կա. այս բոլոր խաբեությունները մի նպատակ են հետապնդում, որպեսզի այս խունտան կարողանա գաղափարական հիմնավորում տա, թե ինչու պետք է Հայատանը դուրս գա այսօրվա անվտանգության իր համակարգերից և հայտնվի նոր ցեղասպանության ճանապարհին»: