24/05/2023 12:50
Գուրգեն Արսենյանը պատասխանեց, թե ինչու է անտեսվում արցախցիների կարծիքը, ովքեր իրենց չեն տեսնում Ադրբեջանի կազմում
Տվյալ հարցում, ես՝ որպես ՀՀ պատգամավոր, առաջնորդվում եմ ՀՀ պետական շահերով, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու է անտեսվում արցախցու կարծիքը, չէ՞ որ նրանք իրենց չեն տեսնում Ադրբեջանի կազմում՝ ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
«Մի քանի անգամ ասել և հայտարարել եմ, որ ՀՀ պետական շահերի պաշտպանությունը մեր առաջնային խնդիրն է, որի համար մենք գործում ենք: Բոլոր մնացած հարցերը ՀՀ ինքնիշխանության և կենսագործունեության օրակարգի բաղադրիչներ են: ՀՀ քաղաքական գործիչները ՀՀ ժողովրդից ստացել են մանդատ՝ սպասարկելու ՀՀ պետական շահերը: Ցանկացած քաղաքական գործիչ, ով կպնդի, որ ՀՀ շահերը պետք է ստորադասվեն օրակարգի այլ հարցի լուծմանը, իմ կարծիքով, իրականացնում է հակապետական գործունեություն:
Արցախում ապրում են մեր հայրենակիցները՝ հայերը, Ջավախքում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ են ապրում հայեր…, մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ-ի շահերի սպասարկումն է: Մենք կանգնած ենք երկընտրանքի առջև, երբ միտքն ու սիրտը սկսում են հակասել իրար: Երբեմն ՀՀ ազգային շահերի պաշտպանությունը չի համընկնում ՀՀ ազգային շահերի ալգորիթմին», - ասաց Արսենյանը: