24/05/2023 12:06
Ելիզավետա Դանիելյանը ցավում է, որ դատավոր Աննա Փիլոսյանն այլևս դատական համակարգում չէ
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուներից Ելիզավետա Դանիելյանը ցավում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանն այլևս դատական համակարգում չէ:
«Ես չեմ հանդիսանում ԲԴԽ անդամ ու որևէ կերպ չեմ մասնակցում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու քվեարկությանը, ես հանդիսանում եմ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական և էթիկայի հանձնաժողովի անդամ», - նշեց նա:
Դատավորն ասաց, թե Աննա Փիլոսյանը դատական համակարգ է ընդունվել այն ժամանակ, երբ ինքը դատարանի նախագահ էր:
«Ուսանողական նստարանից ընդունել եմ աշխատանքի ու մարդկային որոշակի մտերմություն է ձևավորվել, այդ առումով, բնականաբար, ես շատ ցավում եմ, որ երիտասարդ կադրը չի աշխատում այս պահին», - ասաց Ելիզավետա Դանիելյանը:
Նա նշեց, թե չի կարող ԲԴԽ-ի փոխարեն պատասխանել՝ չկա՞ր այլ որոշում, որ կայացվեր դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ:
Հշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:
Դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել էր փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառման առնչությամբ, ըստ որի, դատավոր Աննա Փիլոսյանը պարզեցված կարգով քննված գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործով կայացված վճիռը տրամադրում է վճռի հրապարակումից 2 տարի անց, այն էլ միայն դիմումի հիման վրա։
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել են դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։