24/05/2023 17:59
Ովքեր ասում են՝ Ադրբեջանը 86,600 քառակուսի կմ չէ, նաև ասում են՝ ՀՀ-ն 29,800 քառակուսի կմ չէ․ ի՞նչ թիվ է՝ կորոշվի ՀԱՊԿ-ում տիրող տրամադրությունից. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանն ասում է` եթե դուք մեր տարածքային ամբողջականությունը չեք ճանաչում, մենք էլ ձեր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն՝ եթե դուք չեք ճանաչում, որ Ադրբեջանը 86,600 քառակուսի կիլոմետր է, ուրեմն՝ մենք էլ չենք ճանաչում, որ Հայաստանը 29,800 քառակուսի կմ է: Երբ որ Ադրբեջանը շարունակաբար հարձակվում է Հայաստանի վրա ու միջազգային հանրության հետ մենք երկխոսություն ենք ունենում, նրանք էլ ասում են` Հայաստանն էլ մեր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, ինքն էլ մեր վրա է հարձակվել կամ հարձակվում»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով` եթե չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ու եթե նա հարձակվի մեր վրա, ՀԱՊԿ-ը կգա ու կկանգնի մեր կողքը:
«ՀԱՊԿ-ն էլ հարձակումների ժամանակ ասում է` այո, կգամ ձեր կողքը կկանգնեմ, բայց 30 հոգի շատ ուժեղ դիտորդ կուղարկեմ: Հիմա մենք պետք է որոշում կայացնենք: Շատ լավ, մենք կարող ենք ասել, որ չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու, մեր կարծիքով, Ադրբեջանը ոչ թե 86,600 քառակուսի կիլոմետր է, այլ՝ 45,7 հազար քառակուսի կիլոմետր, իրենք էլ կասեն` շատ լավ, ուրեմն՝ Հայաստանը ոչ թե 29,800 քառակուսի կմ է, այլ` 8700 քառակուսի կիլոմետր: Ես, այո, հիմա այս ամբիոնից հայտարարում եմ, որ Հայաստանը վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու ակնկալում, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- նշեց նա:
Վարչապետն ընդգծեց` հիմա նրանք, ովքեր ասում են, որ Ադրբեջանը 86,600 քառակուսի կիլոմետր չէ, այլ «-X» թիվ է, միևնույն ժամանակ ասում են, որ ՀՀ-ն 29,800 քառակուսի կմ չէ, այլ «-X» ինչ-որ թիվ է:
«Ինչ թիվ է, դա էլ կորոշվի նրանից, թե ՀԱՊԿ-ում այդ օրն ինչ տրամադրություն է տիրում», - ընդգծեց Փաշինյանը: