24/05/2023 18:15
Հենց նույն Ալմա Աթայի հռչակագիրը, որով մենք այսօր առաջնորդվում ենք, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյան
Մեր երկրում հերոսականությունը ամենամեծ պրոբլեմն է, որը կարող ենք ունենալ, խնդրում եմ չշփոթել էն հերոսության հետ: Ճակատագրական այս շրջանում մրցավազքը, թե ով է ավելի հայրենասեր, ով է ավելի հաղթական՝ կարող է շատ մեծ պրոբլեմներ առաջացնել, ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Լևոն Զուրաբյանի դիտարկումներին, թե սուտ է, որ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հենց նույն Ալմա Աթայի հռչակագիրը, որով մենք այսօր առաջնորդվում ենք, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ այդ հռչակագիրը սահմանում է, որ ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական և այդ սահմաններն անխախտելի են: Սա Լևոն Տեր-Պետրոսյանն է ստորագրել: Հա, ի միջիայլոց, էն ժամանակ ինքը Գերագույն խորհրդի նախագահ է եղել, նախագահ չի եղել: Այդ հռչակագիրն էլ վավերացվել է նաև խորհրդարանի կողմից, և այդ փաստաթղթի վավերացման ժամանակ ՀՀ պատգամավորներ են եղել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, եթե հիշողությունս չի դավաճանում: Լևոն Տեր-Պետրոսյանը 90-ականներին ռուսական թերթին հարցազրույց է տվել, որտեղ խոսակցություն է գնացել ինքնավարությունների մասին, և լրագրողը նրանից հետաքրքրվել է ռուսական ինքնավարության մոդելի և ԼՂ-ի նմանության մասով: Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինքնավարությունից բացի, մենք ավելին չենք էլ ուզում: Այսինքն, հիմա իրենք ասում են, որ անկախությո՞ւնն է եղել իրենց նպատակը»,-նշեց Փաշինյանը: