24/05/2023 10:07
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սոցապնախարարության հուշագրի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Արաբական էմիրություններում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անունից: Այս մասին հայտնել է ինքը՝ Քերոբյանը, այցի հաշվետվությունը ներկայացնելիս:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիում, մայիսի 7-10-ը գործուղման մեկնելու ժամանակ է Քերոբյանը ստորագրել հուշագիրը այլ նախարարության անունից: Հավելենք, որ ապրիլի 30-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում էլ է Քերոբյանը կրկին ԱՄԷ-ում եղել, սակայն Դուբայ քաղաքում: Այս այցելության համար էլ ավիատոմսի արժեքը կազմել է 218 հազար դրամ, գիշերավարձը՝ 96 հազար դրամ (2 օրվա համար), օրապահիկը՝ 147 հազար 573 դրամ (3 օրվա համար)։ Ընդհանուր առմամբ, նշվում է, որ ծախսը կազմել է 462 հազար դրամ: Իսկ որքանո՞վ են արդյունավետ եղել պետբյուջեի հաշվին կատարված այցերը: Մայիսի 3-ին՝ Հայաստան վերադառնալուց հետո, նախարար Քերոբյանը մայիսի 7-10-ը էլի մեկնել է Աբու Դաբի՝ Արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության հրավերով: Այնտեղ նա մասնակցել է «Ամենամյա ներդրումային համաժողով-2023»-ին: Իր հաշվետվության մեջ նախարարը երկար բացատրել է, թե ովքեր են ելույթ ունեցել, կամ ինչ հարցեր են քննարկվել:
Ամենաուշագրավը թերեւս արդյունքների մասին հաշվետվությունն է, որտեղ նշվում է, որ ԱՄԷ հանդուրժողականության եւ համակեցության նախարարության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջեւ կնքվել է հանդուրժողականության ոլորտում փորձի փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր: Այստեղ հարց է առաջանում. ի՞նչ կապ ունի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն սոցապնախարարության հուշագրի հետ: Եթե նա համատեղության կարգով նաեւ սոցապնախարար չէ, ինչո՞ւ է ստորագրում փաստաթուղթ Սոցապնախարարության անունից: Սա էլ երեւի Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ժողովրդավարության յուօրինակ դրսեւորում է, որտեղ չկա հայտնի պոզով, պոչով կոռումպացված կենդանին»։